ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ` ծանոթանալու երեկ երեկոյան տեղացած ուժեղ կարկուտից տուժած մի շարք համայնքների կրած վնասներին: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ նախարարը եղել է Հովտաշեն, Գեղանիստ, Մեղրաշեն, Վարդաքար, Նոր կյանք, Փանիկ, Բասեն և Ջրառատ համայնքների հացահատիկի և կարտոֆիլի դաշտերում, տեղում ծանոթացել վնասի իրական չափերին:
Հաղորդագրությունում ասվում է, որ այցելած բոլոր տնտեսություններում պատկերը գրեթե նույնն էր՝ հիմնականում և մեծապես վնասվել են հացահատիկի դաշտերը: Կարտոֆիլի ցանքերը վնասվել են մասնակիորեն:
Նախարարը տուժած բոլոր տնտեսություններում մանրամասնորեն զրուցել է գյուղացիների հետ և նշել, որ կարկուտի պատճառած վնասներն արագ հաշվարկելու և այն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելու համար ստեղծվել են երեք մարզային հանձնաժողովներ, որոնց կազմում գյուղացիների պահանջով ընդգրկվել են նաև տուժած համայնքների ներկայացուցիչները:
Միաժամանակ հանձնարարվել է մարզպետարանին կարճ ժամկետում հաշվարկել և ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել աշնանացան ցորենի սերմացուի ողջ պահանջարկը, պետական աջակցության ծրագրերի շրջանակներում այն լիովին բավարարելու համար: Սպասվող աջակցությունն ըստ նախարարի լինելու է անհատական և ըստ կրած վնասի իրական չափերի:
Գյուղացիների կողմից բարձրացված հարցերին ընթացք տալու համար, նախարարը խոստացել է դրանք ներկայացնել հանրապետության վարչապետին:
Կարկուտի պատճառած վնասները հաշվարկելու համար ստեղծվել է 3 հանձնաժողով
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ