Մաշտոցի պուրակի ցուցարարները բաց նամակ են հղել Տիգրան Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մաշտոցի պուրակի համար պայքարող ակտիվիստները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում նշվում է. “Մարտի 13-ին ՀՀ կառավարության պաշտոնական կայք էջից տեղեկացվում ենք, որ ս. թ. մարտի 15-ին նիստերի օրակարգում ընդգրկված է Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի հեղինակած ՀՀ կառավարության “Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին” որոշման նախագիծ: Համաձայն այդ նախագծի 3-րդ կետի` “Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մաuին ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից ոչ ուշ քան 3 տարվա ընթացքում Երևանի Մ.Մաշտոցի պող. N 22/1 հասցեում գտնվող զբոսայգում Երևանի ենթակայության “Կենտրոն-Կանաչապատում” փակ բաժնետիրական ընկերության կողմից տեղադրված տաղավարները ենթակա են ապամոնտաժման՝ “Հին Երևան” քաղաքաշինական ծրագրի իրագործումն ապահովելու համար:Սույն նախագծի բովանդակությունը վկայում է, որ Երևանի քաղաքային և Հայաստանի գործադիր իշխանությունն այդպես էլ ճիշտ չեն ընկալել մեր` հանրության պահանջը Մաշտոցի պուրակի հարցում”: Ակտիվիտները կրկին շեշտում են, որ վերը նշված տարածքում տաղավարների/կրպակների կառուցումն ու տեղադրումն ապօրինի է և հակասում է Երևանի գլխավոր հատակագծին. “Մեր համոզմամբ Երևանի գլխավոր հատակագծով և հայեցակարգով Կենտրոն վարչական շրջանի գոտիավորման նախագծով Գլխավոր պողոտայի հանրային կանաչ տարածքի Մաշտոցի պուրակի հատվածում Աբովյան պուրակից տեղափոխված առևտրային նշանակություն ունեցող տաղավարների տեղադրում ներառող կառուցապատման որևէ ծրագիր նախատեսված չէ”: Նրանք պահանջում են մարտի 15-ի նիստի օրակարգից հանել կրպակների եռամյա ժամկետում ապամոնտաժելու մասին կետը և որոշմամբ ամրագրել անհապաղ ապամոնտաժելու դրույթ, և ոչ թե` ի գիտություն, այլ հստակ հանձնարարություն քաղաքային իշխանությանը, քանզի սույն որոշման ընդունմամբ ՀՀ կառավարությունն իր վերահսկողության տակ է վերցնելու տվյալ որոշման պահանջների կատարումը:




Լրահոս