Կառավարության հուլիսի 10-ի նիստում Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն առաջարկելու է համաձայնություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավրության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությանը:
Նախարարությունն իր եզրակացության մեջ նշում է, թե սա կնպաստի երկկողմանի տուրիզմի զարգացմանը: «Փոխըմբռնման հուշագրի նախագիծն ուղղված է երկու պետությունների միջև զբոսաշրջության բնագավառում առավել սերտ համագործակցության ապահովմանը` զբոսաշրջության բնագավառի տնտեսվարող սուբյեկտների միջև համագործակցության հաստատմանն ու զարգացմանն աջակցության, զբոսաշրջության պետական կարգավորման բնագավառում փորձի փոխանակման, զբոսաշրջային օպերատորների և լրագրողների փոխադարձ ճանաչողական այցերի կազմակերպման և այլ ուղղություններով` ինչն էլ կնպաստի երկու երկրներում զբոսաշրջության կայուն զարգացմանն ու զբոսաշրջային հոսքերի ավելացմանը», – նշված է եզրակացության մեջ: