Ներկայացնում ենք «Առավոտ» թերթի խմբագրականից մի հատված.
«Մեզ նման փոքր երկրում մարազմատիկ դրսևորումները, իհարկե, ցավալի են: Օրինակ՝ երբ բյուջեից 4,5 միլիոն դրամ է հատկացվում Ջերմուկում մոծակների դեմ պայքարելու համար: Կամ՝ երբ 10.000 դրամ տուգանքը չվճարելու համար բանկը սառեցնում է քաղաքացու մի քանի միլիոնանոց հաշիվը: Դրանք ցավալի են միայն մեր՝ Հայաստանի քաղաքացիներիս համար, որովհետև, փոքր երկիր լինելով, մենք հավակնություն և հնարավորություն չունենք մեր մարազմները տարածելու հարևանների, տարածաշրջանի կամ ամբողջ աշխարհի վրա: Շատ ավելի վտանգավոր է, երբ մարազմի նշաններ են ցույց տալիս գերտերությունները, որովհետև մարազմը դառնում է ոչ թե մեկ՝ առանձին վերցրած երկրում գոյություն ունեցող երևույթ, այլ պարտադրանք, խորհրդային լեզվով ասած՝ «գոստ», պետական ստանդարտ:
Այն պահից, երբ Ռուսաստանը «վեր կացավ ծնկներից և գտավ իր ուրույն և «անկրկնելի» ճանապարհը, «գոստերը» սկսեցին համապատասխանել այդ՝ մի կողմից եվրասիական, մյուս կողմից «սոբորային», այսինքն՝ կոլեկտիվիստական գաղափարախոսությանը: «Սոբորայնության» ամենավառ դրսևորումներից մեկն է կանանց ժանյակավոր ներքնազգեստի արգելումը: Իսկապես որ՝ հոգևորի գերակայության պարագայում ի՞նչ կանայք, ի՞նչ ներքնազգեստ: Պլանավորվում է նաև կանանց բարձրակրունկ կոշիկների արգելքը, որը նույնպես, ըստ երևույթին, վկայելու է Ռուսաստանի ուրույն, «անկրունկ» ոգու մասին:
Բայց դա, ի վերջո, Ռուսաստանի ներքին գործն է. Պարզ չէ, թե մեզ ինչու են այդ «գոստը» պարտադրում»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։