Գագիկ Ծառուկյանը նախագահական նիստուկաց եւ պահվածք է սովորում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տեւական ժամանակ է, ինչ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն արտերկրից հատուկ իմիջմեյքերներ է վարձել, ովքեր, մեր աղբյուրների հավաստմամբ, Ծառուկյանին նախագահական նիստուկաց, պահվածք եւ արարողակարգ են սովորեցնում:

Լուրի իսկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց ԲՀԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով, ուղղակիորեն չհերքելով այդ փաստը, ասաց. «Գագիկ Ծառուկյանն ունի տարբեր մասնագետներից բաղկացած աշխատակազմ, որին անդրադառնալու նպատակահարմարություն չկա այս պահին:

Դրանից  զատ, ԲՀԿ նախագահը մշտապես տարբեր հանդիպումներ է ունենում  տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց ու խմբերի հետ: Դրանք ոչ հրապարակային հանդիպումներ  են, որոնց ընթացքում տեղի են ունենում տարբեր ոլորտների վերաբերյալ քննարկումներ ու մտքերի փոխանակումներ: Այդ հանդիպումները կրում են կանոնավոր բնույթ եւ դրանց մասնակցում են խմբեր ու մարդիկ ոչ միայն  Հայաստանից, այլ նաեւ արտերկրի բազմաթիվ ոլորտներում լուրջ դերակատարում ունեցող անձինք»:

Այսպիսով, պետք է արձանագրել, որ Գ. Ծառուկյանն արդեն սկսել է պատրաստվել նախագահական ընտրություններին, եւ այս օրերից գոնե նիստուկացով փորձում է նախագահի նմանվել: Սակայն պետք է նկատել, որ այդ փորձագետների աշխատանքը զուր կանցնի, եթե վերջիններս չկարողանան ազդել Ծառուկյանի արարողակարգային ընդունելությունների, հագուստի եւ դրանց գույների ընտրության վրա»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։    




Լրահոս