Ինչպես հայտնի է, «Օրինաց երկիր» կուսակցությունը հուլիսի 18-ին հանրահավաք է անցկացնելու՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում լրագրողները ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանից հետաքրքրվեցին, թե ծանոթ է արդյոք մյուս քաղաքական ուժերի արձագանքներին:
Ի պատասխան այս հարցի` Բաղդասարյանը նշեց, որ նրանց արձագանքը գնահատում է բավական կոռեկտ և ընկալելի, քանի որ իրենք չեն դիմել կուսակցություններին, որ գան մասնակցեն:
«Մենք սա չենք համարոմ ՕԵԿ-ի հանրահավաք, սա մի խնդիր է, որը պետք է միավորի բոլորին: Մենք հրապարակավ բոլորին կոչ ենք արել միանալ մեզ, սա կուսակցական հանրահավաք չէ, մենք դիմել ենք նաև հասարակական կազմակերպությունների: Թե ով կմիանա մեզ և ինչ կերպ, հետագայում պարզ կլինի», – ասաց ՕԵԿ առաջնորդը:
Նրա խոսքով` սա լինելու է սոցիալական հանրահավաք, չնայած հանրահավաքում լինելու են նաև քաղաքական հայտարարություններ: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կպահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը, Ա. Բաղդասարյանը նշեց, որ ՀՀ նախագահն արդեն իսկ հայտարարել է, որ այլևս չի լինելու ակտիվ քաղաքականությունում: