Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոտրայի հետ, տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։ “Պատմական քաղաք ղեկավարելը մարտահրավերներով լի աշխատանք է, ուստի, թեև փոքր ինչ ուշացումով, ընդունեք իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Երևանի քաղաքապետի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ”, – շնորհակալություն հատնելով ընդունելության համար՝ ասել է դեսպանը։ Նշելով հայ-հնդկական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը, քաղաքապետը կարևորել է գործընկերային կապերի հաստատումն ու զարգացումը նաև տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում։ Հատկանշելով, որ քաղաքապետարանը պատրաստ է գործընկերային կապերն ամրապնդել ու ընդլայնել ոչ միայն Դելիի, այլև Հնդկաստանի այլ քաղաքների հետ՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է հատկապես քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ուղղություններով փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում հարաբերությունների հաստատման և զարգացման կարևորությունը։ “Համոզված եմ , որ Երևանի և Հնդկաստանի քաղաքների միջև համագործակցությունը նոր, ավելի ակտիվ շարունակություն կստանա և այդ հարցում ես ակնկալում եմ ինչպես Ձեր, այնպես էլ Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի աջակցությունը”, – նշել է Տարոն Մարգարյանը։ Դեսպան Մալհոտան իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցելու ինչպես նշված, այնպես էլ կրթական և բիզնես ծրագրերի իրականացմանը։ Անդրադառնալով Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի տարածքում Հնդկաստանի անվան այգի հիմնելու ծրագրին և շնորհակալություն հայտնելով տրամադրված տարածքի և իրականացրած նախագծերի համար՝ դեսպանը նշել է, որ այն հայ–հնդկական դարավոր բարեկամության ևս մեկ ապացույց կլինի։ Հնդկաստանի կառավարության կողմից նախագծին հավանություն տալուց հետո կսկսվեն շինարարական աշխատանքները։ Մեկ անգամ ևս շեշտելով Երևանի և Հնդկաստանի քաղաքների միջև հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման անհրաժեշտությունը և առաջարկելով փաստատղթային ձևակերպում տալ ծրագրերին՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակցել դրանց իրագործմանը։
Երեվանում կհիմնադրվի Հնդկաստանի անվան այգի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ