Թեքսասի նահանգապետը հրաժարվել է դիմավորել Օբամային օդանավակայանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի նահանգապետերը, որպես կանոն, օդանավակայանում դիմավորում են նախագահ Բարաք Օբամային, երբ նա այցելում է իրենց նահանգ:

Սակայն, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, Թեքսասի նահանգապետ Ռիք Փերրին հրաժարվել է դա անել:

Լինելով հանրապետական կուսակցության կողմնակից և ԱՄՆ-ի վարչակազմի իմիգրացիոն քաղաքականության վաղեմի քննադատ՝ նա մերժել է Սպիտակ տնից ստացված առաջարկը` դիմավորել նախագահին ինքնաթիռից դուրս գալու ժամանակ:

Նահանգապետը նամակով շնորհակալություն է հայտնել նախագահին հրավերի համար և նշել, որ ինքնաթիռի մոտ կարճ ձեռքսեղմումը թույլ չի տա քննարկել Թեքսասի հարավում հումանիտար և ազգային անվտանգության բնագավառներում հասունացած ճգնաժամը: Փոխարենը նահանգապետն առաջարկել է նախագահին հանդիպել ցանկացած ժամանակ նրա այցի ընթացքում, հավելելով, որ դրա համար պատրաստ է անգամ փոփոխություն կատարել իր աշխատանքային ժամանակացույցում:

Շուտով նահանգապետը Սպիտակ տնից պատասխան նամակ է ստացել, որում ասվում է, թե Օբաման «ուրախությամբ» կհանդիպի իր հետ Թեքսասում գտնվելու ժամանակ: Նահանգապետը հրավիրվել է նախագահի մասնակցությամբ կլոր սեղանին, որը նախատեսվում է անցկացնել չորեքշաբթի Դալասում, և որը նվիրված կլինի իրադրությանը ԱՄՆ-ի սահմանապահ շրջաններում: Փերրիի ներկայացուցիչների խոսքով՝ այս հրավերը նահանգապետն ընդունել է:




Լրահոս