Հայաստանյան 32 ՀԿ-ներ դիմում-ուղերձ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, որտեղ անդրադարձել են Գյումրիի երկրաշարժից անօթեւանների հերթացուցակում հաշվառված ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար ընթացիկ տարում եւս 1200 բնակարանի կառուցման անհրաժեշտության խնդրին: Դիմում-ուղերձում ասվում է.”Ինչպես գիտենք, 2008 թ. ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած “Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգի” համաձայն բնակարանային շինարարության ծրագրով նախատեսված է մինչեւ 2013 թ. լուծել երկրաշարժից անօթեւանի կարգավիճակ ունեցող, առ 01.11.2008 թ. Գյումրիում հերթացուցակում հաշվառված 4270 ընտանիքների բնակարանային խնդիրները: Այդ ծրագրի շրջանակներում 2010 թ.-ին Գյումրիի Մուշ-2 թաղամասում կառուցվեց 1056 բնակարան, որոնցից 1040-ը բաշխվեց հաշվառված անօթեւան ընտանիքներին, իսկ Գյումրիի Մուշ-2 եւ Անի թաղամասերում շահագործվելիք 1756 բնակարաններից 1754-ը մայիս ամսին է նախատեսվում բաշխել անօթեւանների հերթացուցակում ընդգրկված ընտանիքներին: ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի` նախորդ ամիս ՀՀ ԱԺ-ում ունեցած ելույթում հնչեցրած տվյալների համաձայն, բնակբաշխման հանձնաժողով ներկայացված 2569 ընտանիքների փաստաթղթերի փաթեթների ուսումնասիրությունների արդյունքներով 138 ընտանիքներ տարաբնույթ պատճառներով չեն ճանաչվել շահառու: Ի դեպ, մեր ունեցած տեղեկատվության համաձայն նրանց մի մասը պատրաստվում է իրենց բնակարանային իրավունքները պաշտպանել դատական կարգով: 67 գյումրեցի անօթեւան ընտանիքների բնակապահովման հարցն էլ հետաձգվել է ավելի ուշ ժամկետների` հանրապետությունից ընտանիքի ամբողջ կազմի բացակա լինելու պատճառով: Ներկայումս նրանց մի մասը վերադառնում են Հայաստան բնակբաշխման գործընթացին մասնակցելու նպատակով: Գյումրիի անօթեւանների հերթացուցակում հաշվառված 388 ընտանիքներ էլ պահանջվող փաստաթղթերը չեն ներկայացրել բնակբաշխման հանձնաժողովին: Այդ ընտանիքները հիմնականում բազմանդամ են, ապրում են տնակներում եւ պարզապես խնդիրներ են ունեցել պահանջվող փաստաթղթերի համալրման գործում: Աղետի գոտում ընթացող բնակարանաշինության այս ծրագրի շրջանակներում հերթացուցակում հաշվառված 294 այն անօթեւան ընտանիքներին, որոնք երկրաշարժի հետեւանքով կորցրել են սեփական տներ կամ ենթակա են դրամական փոխհատուցման, չթույլատրվեց մասնակցել բնակբաշխման գործընթացին: Նաեւ նշենք, որ Գյումրիի քաղաքապետարանում կան լրացուցիչ հաշվառված շուրջ 200 ընտանիքներ, որոնք թեեւ երկրաշարժի հետեւանքով կորցրել են իրենց բնակարանները եւ մինչեւ օրս չեն փոխհատուցվել, սակայն ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգի համաձայն մինչեւ 2011 թ. նոյեմբերի 1-ը չեն կարողացել պահանջվող փաստաթղթերը ներկայացնել քաղաքապետարան եւ հաշվառվել անօթեւանների հերթացուցակում: Հարգելի պարոն նախագահ եւ պարոն վարչապետՎերը նշված թվային վերլուծությունը, մեր դիտարկումներն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միայն Գյումրիի անօթեւանների հերթացուցակում հաշվառված անօթեւան ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով, 2010 թ.-ին շահագործված 1056 եւ ընթացիկ տարում շահագործվելիք 1756 բնակարաններից բացի, անհրաժշտ է կառուցել եւս 1200 բնակարան:Մեր ունեցած տեղեկություններով` անօթեւանների հերթացուցակում հաշվառված եւ բնակարանների բաշխման հանձնաժողովի կողմից արդեն իսկ շահառու ճանաչված հարյուրավոր ընտանիքների, որոնց չի բավարարելու այս տարի շահագործվելիք բնակարանների քանակը, մտադիր եք տրամադրել բնակարանների գնման վկայականներ: Երկրաշարժից անօթեւան ընտանիքների բնակարանային խնդիրները ԲԳՎ-ների միջոցով լուծելու նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ դա արդարացված ճանապարհ չէ եւ չի լուծում անօթեւանության խնդիրը, ավելին` դառնում է արտագաղթի պատճառ: Երբ հարյուրավոր ընտանիքներ, ստանալով ԲԳՎ-ները եւ կեղծ գործարքներ կնքելով, գումարները ստացան, սակայն չդարձան բնակարանատերեր, նրանց մի մասը արտագաղթեց, իսկ մյուս մասը շարունակում է ապրել տնակներում` պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա անօթեւանի կարգավիճակում: Ի դեպ, Գյումրիում տնակներում բնակվող փաստացի անօթեւան, սակայն երկրաշարժի հետեւանքով բնակարան կորցրած չլինելու կամ նախկինում փոխհատուցված լինելու եւ այլ պատճառներով շուրջ 3000 ընտանիք էլ հաշվառված չեն պետության կողմից փոխհատուցման ենթակա անօթեւանների հերթացուցակում:Հարգելի պարոն նախագահ եւ պարոն վարչապետ.Համոզված ենք` Գյումրիում անօթեւանության խնդիրը զգալիորեն կթեթեւանա, եթե այս տարի իրականացվի եւս 1200 բնակարանի շինարարություն, եւ միայն այդ պարագայում կարելի կլինի հավատալ, որ երկրաշարժի հետեւանքով բնակարան կորցրած ընտանիքների հերթացուցակում հաշվառված անօթեւան ընտանիքները ամբողջովին կփոխհատուցվեն, եթե ոչ մինչեւ 2013 թ.-ը, ապա` 2013 թ.-ին: Սույն դիմում-ուղերձը պատրաստվել է “Շիրակ կենտրոն” ՀԿ-ի կողմից եւ ընդունվել` փետրվարի 14-ին, Գյումրիում գործող 32 հասարակական կազմակերպությունների, լրագրողների եւ այլ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների կողմից”:Դիմում-ուղերձին միացել են հետեւյալ հասարակական կազմակերպությունները.1 “Ժուռնալիստների “Ասպարեզ” ակումբ ՀԿ2 “Բիոսոֆիա” առողջապահության , բնապահպանության եւ գյուղատնտեսական զարգացման կենտրոն ՀԿ3 “Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյու” ՀԿ4 “ԽորանԱրդ” ինտելեկտուալ կենտրոն ՀԿ5 “Կրթության ասպարեզ” ՀԿ6 “Մենք պլյուս” սոցիալական ՀԿ7 “Անի” հաշմանդամ երեխաների ՀԿ8 “Արաքս կենտրոն” բարեգործական ՀԿ9 “Նոր Սերունդ” մանկապատանեական եւ երիտասարդական ՀԿ10 “Գյումրու Առաջընթաց” քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնե ՀԿ11 “Սրբազան Հող” Բարեգործական ՀԿ12 “Համայնքային նախաձեռնութ. եւ քարոզչության կենտրոն” ՀԿ13 “Երեխաների հասարակություն” մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոնե ՀԿ 14 “Երիտասարդ կանանց քրիստոնեական “Ֆլորա” ասոցիացիա”ե ՀԿ15 “Մեղվիկ” մանկապատանեկան ՀԿ16 “Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն” ՀԿ17 “Երաշխիք” քաղաքացիական հասարակության կենտրոն ՀԿ18 “Կայունություն եւ առաջընթաց” ՀԿ19 “Նոր հայացքե քաղաքացիական հասարակության կենտրոն” ՀԿ20 “Գյումրիի կանայք, զարգացման կենտրոն” ՀԿ21 “Նոյ” ինտելեկտուալ ստեղծագործության կենտրոնե ՀԿ22 “Քաղաքային ուսումնասիրությունների կենտրոն” ՀԿ23 “Շիրակ կենտրոն” ՀԿ24 “Աջակից” բարեգործական ՀԿ25 “ՀՀ Հաշմանդամների ասոցիացիայի Գյումրիի մասնաճյուղ” ՀԿ26 “Լիության տուն” համայնքային կենտրոն ՀԿ27 “Երրորդ բնություն” ՀԿ28 Գյումրի “Անի” ՀԿ29 “Ցոլինե” բարեգործական, մշակութային, իրավապաշտպան ՀԿ30 “Ծնողազուրկ երեխաների հանձնախումբ” բարեգործական Շիրակի մարզային կառույց ՀԿ31 “Շիրակի շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոն” ՀԿ32 “Խորհրդատու” բարեգործական հիմնադրամ
Դիմում ուղերձ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ