Հաշտեցումից կշահեն բոլորը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը անդրադարձել է ԼՂ խնդրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հանդես է եկել հերթական, թվով 14-րդ վիդեոուղերձով, որով այս անգամ անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին, մասնավորապես՝ հայ և ադրբեջանցի ազգերի հաշտեցման և համատեղ գոյակցության խնդրին՝ եզրակացնելով որ դա հնարավոր է և այդ առիթով բերելով ԱՄՆ–ում աֆրոամերիկացիների և սպիտակամորթների հաշտեցումը։ Հեֆերնը պատմել է, որ վերջերս կնոջ՝ Լիբբիի հետ դիտել է “Եթե բոլորը” ֆիլմը, որի թեման նրան շատ է դուր եկել, քանի որ Լեռնային Ղարաբաղում նկարահանված այս ֆիլմում առաջ է քաշվում հաշտեցման թեման։ Ֆիլմի գաղափարը, ըստ Հեֆերնի, հայերի ու ադրբեջանցիների որոշակի նմանություններն են՝ նույն ընտանեկան հոգսերը, նույն ընտանեկան կապերը, նույն ընտանիքների վիշտն ու թախիծը։ Այնուհետև դեսպանը պատմում է, որ եղել է Երևանի դպրոցներից մեկում և աշակերտների հետ զրուցել այդ թեմայի շուրջ և ստացել տարբեր արձագանքներ։ Աշակերտների մի մասն ասել է, որ պատրաստ է իրենց դասարանում տեսնել այլ ազգի ներկայացուցիչներ, այդ թվում և ադրբեջանցիներ, մյուսները կոշտ են արձագանքել։ Աշակերտներից մեկն էլ հետաքրքրվել է, թե ինչպես նույն իրավիճակում կվարվեին ամերիկացի աշակերտները։ Դրան ի պատասխան Հեֆերնը հիշեցրել է ԱՄՆ–ում ստրկատիրական ժամանակները, երբ աֆրոամերիկացիները ստրուկի կարգավիճակ ունեին, և այդ ընթացքում ռասայական լարվածությունն ու ատելությունը մեծ էր։ Սակայն վերջին 50 տարիների ընթացքում ԱՄՆ–ն ականատես է եղել ռասսայական հաշտեցման։ Իսկ որպես դրա լավագույն ապացույց՝ ԱՄՆ դեսպանը նշել է Բարաք Օբամայի նախագահ ընտրվելը։ Ըստ այդմ Հեֆերնը եզրակացրել է, որ իրական հաշտեցում հնարավոր է, և հույս հայտնել որ բոլորը պետք է քայլեր ձեռնարկեն հանուն հաշտեցման՝ նույնիսկ ամեն անգամ թեկուս մեկ հոգու հաշտեցնելու համար։




Լրահոս