Ղարաբաղի հարցն արգելափակել է Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության գործընթացը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվ այսպես` այլևս  դժվար է թաքցնել այն հանգամանքը, որ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությունը կախակայվել է` Ղարաբաղի պատճառով: Չնայած Աստանայից հետո իշխանությունների պնդումներին, թե ԵՏՄ-ն տնտեսական կառույց է, և Ղարաբաղի հարցը այդ շրջանակներում չի լուծվում, այսօր արդեն կասկածից դուրս է, որ  հենց Ղարաբաղն է այն գինը, որը ԵՏՄ անդամները` Ռուսաստանի գլխավորությամբ, ստիպում են վճարել անդամակցության դիմաց:

Իհարկե, դա ամենևին չի նշանակում, որ  ՀՀ իշխանությունները տեղի են տալիս կամ երբևէ կտան: Սակայն մյուս կողմից էլ` հարց է, թե ինչպիսի կորուստների գնով հնարավոր կլինի  դիմագրավել այդ ճնշումներին: Իսկ որ իրավիճակը փակուղայինին մոտ է` փաստում է այն հանգամանքը, որ Հայաստանի անդամակցության հարցը մնում է  հայտնի ֆիլմից  թևավոր դարձած «ռսի պոսլեզավտրա»-ի հույսին:  Ի սկզբանե նշված հուլիսի 1-ը դարձավ «հուլիսի 3-ին Պուտին- Սարգսյան հանդիպումից հետո», ապա առաջիկա հոկտեմբեր, հիմա էլ` արդեն խոսվում է տարեվերջի մասին:

Ավելին՝ երեկ  լրագրողների հետ հանդիպմանը «ԵվրազԷս» ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը, ով համարվում է Կրեմլին մոտ կանգնած շրջանակների խոսափող,  համոզմունք է հայտնել, որ Հայաստանի անդամակցությունը հնարավոր է՝ առհասարակ այս տարվա ընթացքում չկայանա: Եվ պատճառն, ըստ նրա՝ Ղարաբաղի հարցն է, որն «արգելափակեց անդամակցության գործընթացը»:

Տեսակետ կա, որ  սա Հայաստանի համար  այդքան էլ վատ տարբերակ չէ, քանզի  ստացվում է, որ  մենք ռուսներին դեմ չգնացինք, նրանք իրենք չցանկացան մեր անդամակցությունը: Խնդիրն այն է, սակայն, որ հանուն անցանկալի այդ կարգավիճակի, մենք   վերջին պահին դավաճանեցինք Եվրոպային, որն այս ընթացքում իր սահմաններն ընդլայնեց մինչև մեր հարևան Վրաստան:

Եվ ստացվում է, որ  Սերժ Սարգսյանի «և- և»-ի քաղաքականությունն իրագործվում է, այն  տարբերությամբ, սակայն, որ  այս դեպքում խոսքը գնում է Հայաստանի մեկուսացման մասին և՛ ԵՏՄ-ից,  և՛ ԵՄ-ից: Եթե, իհարկե, առաջիկայում չկայանա Պուտին – Սարգսյան  նոր հանդիպում, որը դառնա մի նոր «սեպտեմբերի 3»` այս դեպքում, սակայն, շատ ավելի ճակատագրական հետևանքներով:

Առավելևս, որ  այս ընթացքում  մտահոգիչ զարգացումներ են տեղի ունենում ինչպես ռուս-ադրբեջանական, այնպես էլ ռուս-թուրքական հարաբերություններում, որոնց դիմագրավելու Հայաստանի  ներուժն այսօր  գրեթե զրոյական է:  Եվ միանգամայն տեղին է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախահ Ջեյմս Ուորլիքի՝ երեկ հնչեցրած ահազանգը, թե «Ղարաբաղյան ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում»:




Լրահոս