Հաշվի առնելով նախընտրական շրջանին բնորոշ լարվածությունը` ՀՀ կառավարության ներկայացուցիչները սկսել են ավելի քիչ ժամանակ տրամադրել իրենց աշխատանքին: Նրանք ավելի շատ զբաղված են կուսակցական խնդիրների կարգավորմամբ: Այս թեմայով զրուցեցինք ՀՀ կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի հետ:
-Պարո՛ն Աշոտյան, Դուք առավոտյան ժամը քանիսի՞ն եք գնում աշխատանքի:
-9:00-9:30 ընկած ժամանակահատվածում. վերջին ժամկետը մինչեւ 10:00-ն է ինձ համար:
-Իսկ ինչո՞ւ եք ուշ գնում աշխատանքի:
-Որովհետեւ շատ ուշ եմ դուրս գալիս աշխատանքից:
-Ժամը քանիսի՞ն:
-Որպես կանոն, աշխատանքից դուրս եմ գալիս ոչ շուտ, քան 21:30-22:00, երբեմն մնում եմ մինչեւ 23:00: Իսկ ես իմ բիոռիթմերով բու եմ, այսինքն` գիշերն եմ ավելի լավ աշխատում եւ ուսանողական տարիներին գիշերն էի ավելի շատ սովորում: Ինձ մոտ մտքի փայլատակումներ եւ պայծառացումներ լինում են գիշերային ժամերին: Առավոտյան մի քիչ դժվար եմ արթնանում: Եղել են դեպքեր, որ անգամ որպես ռեկտորի խորհրդական, օգնական աշխատելու տարիներին ռեկտորն է ինձ զանգել, արթնացրել, քնած եմ մնացել:
-Նախարար աշխատելու ժամանա՞կ էլ է եղել նման դեպք:
-Ո՛չ, այստեղ քնած երբեւէ չեմ մնացել, որովհետեւ պատասխանատվության մեկ այլ մակարդակ է: Ասեմ, որ առավոտյան եւս մի հաճելի հոգս ունեմ` երեխաներին մանկապարտեզ տանելը: Եթե կինս չի հասցնում, ես եմ տանում:
-Որ գալիս եք աշխատավայր, նախագահին կամ վարչապետին ամեն օր ինչ-որ բան զեկուցո՞ւմ եք:
-Վարչապետին գրեթե ամեն օր ու օրվա մեջ մի քանի անգամ զեկուցում եմ: Եւ ինքն է զանգահարում, հանձնարարականներ տալիս, հետաքրքրվում նախորդ հանձնարարականների, այս կամ այն հարցի, հրապարակման, Facebook-ի գրառման եւ այլնի մասին: Նախագահը նույնպես պարբերաբար զանգահարում եւ հանձնարարականներ է տալիս, տեղեկատվություն կամ հաշվետվություն պահանջում: Ես էլ կուտակում եմ հարցեր, որոնք նախագահի մակարդակի են, եւ անպայման որոշակի պարբերականությամբ իրեն զեկուցում եմ իրավիճակը եւ ներկայացնում խնդիրները:
-Պարո՛ն Աշոտյան, ես ուզում եմ իմանալ` վարչապետն ինչով է հետաքրքրվում կոնկրետ Ձեր ոլորտում:
-Ամեն ինչով:
-Կոնկրետ:
-Սկսած դժգոհությունից, բողոքից, մամուլի հրապարակումներից, վերջացրած կառավարության նիստին տրվող հարցերով, օրենսդրական նախաձեռնություններով, բարեփոխման այս կամ այն ուղղությունով:
-Իսկ նախագահին ի՞նչ է հետաքրքրում:
-Ամեն ինչ: Նախագահի եւ վարչապետի համար կրթությունը վերջին տարիներին գերակա ոլորտներից մեկն է իրականում: Պետական ուշադրության, հոգածության, հետեւողականության առումով, եւ այստեղ ինձանից պահանջվում է շատ ավելի զուսպ, շատ ավելի հավաք աշխատանք, որովհետեւ իրականում յուրաքանչյուր պահ կարող է ղեկավարության կողմից` նախագահի կամ վարչապետի, զանգ լինի, ինֆորմացիայի պահանջ, ճշգրտումներ եւ այլն: Ես պետք է միշտ պատրաստ լինեմ պատասխանի:
-Ընդունված է, որ նախընտրական շրջանին ընդառաջ` նախագահն ու վարչապետը կարծես այդքան էլ չեն հետաքրքրվում նախարարների գործունեությամբ, հիմնական շեշտադրումն անում են կուսակցական հանձնարարականների վրա: Ստանո՞ւմ եք այդպիսիք:
-Կուսակցական հանձնարարականներ ես ստանում եմ որպես Հանրապետական կուսակցության ներսում արտաքին կապերի պատասխանատու:
-Եւ որտե՞ղ եք ստանում այդ հանձնարարականները:
-Կուսակցությունում, հեռախոսով:
-Նախարարության ծառայողական հեռախոսով չե՞ք ստանում կուսակցական հանձնարարական: Անկե՛ղծ պատասխանեք:
-Ստանում եմ, իհարկե ստանում եմ, ինչի՞ մասին է խոսքը: Եթե մենք Աշխատանքային օրենսգրքով ենք նայում, ապա ժամը 18:00-ին աշխատանքային օրը պետք է ավարտվի, իսկ 13:00-14:00 ես պետք է անպայման ընդմիջում ունենամ: Դրան գումարած շաբաթ-կիրակի օրերին պետք է ընդհանրապես աշխատանքի չգանք: Իսկ մենք գալիս ենք ե՛ւ շաբաթ օրերը աշխատանքի, ե՛ւ ընդմիջման ժամեր չունենք, ընդմիջում անում ենք, այսպես ասած, ոտքի վրա: Աշխատում եմ 18:00-ից հետո 3 ժամ ավել: Այսինքն` ես ունեմ չնորմավորված աշխատանքային օր: Եւ բոլոր նրանց, ովքեր կասկածում են իմ ասած ժամանակային գրաֆիկի եւ մոտեցումների մեջ, հրավիրում եմ: Բայց ոչ թե բոլորին, այլ մի հոգի արժանահավատ մարդ թող ընտրեն, գա, առավոտյան ժամը 9:00-ից նստի իմ կաբինետում, ինձ չխանգարի եւ երեկոյան գնա: Բայց նույն բանն անի, ինչ-որ ես:
-Պարո՛ն Աշոտյան, Դուք Ձեզ ապագա կառավարության կազմում տեսնո՞ւմ եք:
-Ես ինձ տեսնում եմ քաղաքականության մեջ` կուսակցությանս հետ: Այնտեղ, որտեղ կլինի իմ կուսակցությունը: Վստահ եմ, որ Հանրապետականն էլի կլինի անկյունաքարային քաղաքական դերակատարը: Իսկ քաղաքականության մեջ, իշխանության մեջ որտեղ ես կլինեմ, ամբողջությամբ ապավինում եմ կուսակցության ղեկավարի որոշմանը: Երբեք ինքս նախարար դառնալու ցանկություն չեմ արտահայտել:
-Անձամբ ՀՀԿ-ի համար քարոզչություն անելո՞ւ եք:
-Իհարկե կանեմ, վստահ եմ, որ կներգրավվեմ նախընտրական քարոզչության մեջ, բայց ոչ որպես կրթության եւ գիտության նախարար: Այսինքն` ոչ ի հաշիվ նախարարական պորտֆելի:
-Նախընտրական քարոզարշավի ընթացքում կհրաժարվե՞ք պաշտոնից, թե՞ արձակուրդ կվերցնեք:
-Ես կարծում եմ, որ ես կկարողանամ համատեղել իմ նախարարական գործունեությունը կուսակցական-քաղաքական գործունեության հետ: Ես կարող եմ ե՛ւ նախարարական ոլորտի հոգսերով ապրել, ե՛ւ կուսակցությանս համար քարոզչություն իրականացնել:
-ՀՀԿ-ի նախընտրական շտաբի նիստերին մասնակցո՞ւմ եք:
-Ես շտաբի անդամ չեմ, համենայնդեպս` դեռ: Երբ որ շտաբն ամբողջական սկսի աշխատել, եւ ինձ հրավիրեն նիստերի` այս կամ այն հարցով կամ ստաբիլ, իհարկե կգնամ: Ինչի՞ մասին է խոսքը:
ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ` ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՀԵՌԱԽՈՍՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թ. ԹՈՎՄԱՍՅԱՆ