ԴԱՇԻՆՔԸ ԿԱՐՈՂ Է ՉԿԱՅԱՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները կարծես թե չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ դաշինք կազմելու հարցում:
Թվում էր՝ դաշինք կազմելու մտադրության մասին պետք է հայտարարվի ԺԿ համագումարում, սակայն այդպես էլ հստակ որոշում չկայացվեց, այլ խոստացան պատասխանը տալ կուսակցության՝ մարտի 18-ի խորհրդի նիստում: Զարմանալի զուգադիպությամբ ԱԴԿ-ն էլ հետաձգել է մարտի 11-ի իր համագումարը եւ դա մեկնաբանել, թե երբեք պաշտոնապես չեն հայտարարել մարտի 11-ին համագումար հրավիրելու մասին, այնպես որ, կանեն՝ երբ հարմար է: Զուգադիպությունների շարքը, թերեւս, կարելի է շարունակել. երեկ ԱԺ ԺԿ խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ասուլիսի ժամանակ չի բացառել, որ դաշինք, այնուամենայնիվ, չկազմվի: Արդեն մեզ հետ զրույցում Մարտիրոսյանը, պատասխանելով հարցին՝ որքանով է հավանական դաշինք կազմելը, ասաց, թե այդ հարցը կուսակցության խորհրդում պետք է քննարկվի: «Հավանական է այնքանով, որքանով կորոշի խորհուրդը»,-ասաց նա:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` որքան էլ այս կուսակցությունները ցույց տան, թե ունեն գաղափարական ընդհանրություն, չունեն ամբիցիաներ, իրականությունն այլ է:  Ավելին, «Ժառանգություն»-ում ներքին դժգոհություններ կան` Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունների հետ կապված, որ պատրաստ է համամասնական ցուցակի առաջին տեղը զիջել «Ազատ դեմոկրատներ»-ին: Ըստ մեր լուրերի՝ ԺԿ-ի անդամները Հովհաննիսյանին ասել են, որ ԱԴԿ-ն իրականում չունի ընտրազանգված, Երեւանից բացի` նրանց հանրապետության մյուս բնակավայրերում չեն ճանաչում: Այնպես որ, ԺԿ-ում այս գաղափարը լուրջ դիմադրության է արժանացել, նույնիսկ կան մարդիկ, որոնք պնդում են՝ միայնակ մասնակցելու դեպքում ԺԿ-ն շատ ավելի ձայն կստանա, քան դաշինքի: Մանավանդ որ դաշինքը պետք է հաղթահարի 7 տոկոսի, իսկ կուսակցությունը՝ 5 տոկոսի շեմը: Ու հիմա ԺԿ-ն հերթական անգամ չի կարող որոշում կայացնել, եւ չի բացառվում, որ մարտի 18-ի որոշումը լինի միայնակ գնալու մասին:
Ինչ վերաբերում է ԱԴԿ-ին, ապա նրանք էլ իրենց հերթին են պահանջում դաշինքում լուրջ ներգրավվածություն ունենալ, ընդ որում, առաջին երեք տեղում այս կուսակցությունը պահանջել է առնվազն երկու տեղ:
ԱԴԿ ներկայացուցիչ, Երեւանի նախկին ոստիկանապետ, գնդապետ Վոլոդյա Թորոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով ԺԿ-ի հետ դաշինք կազմելու թեմայի շուրջ (Ա. Մարտիրոսյանի խոսքերի համատեքստում), ասաց, թե իրենք էլ այդքան տարված չեն այդ դաշինքով. «Բայց ցանկալի կլիներ: Իհարկե, Արմեն Մարտիրոսյանի կարծիքը  դեռ կուսակցության կարծիքը չէ, երեւի նա իր անհատական կարծիքն է հայտնել, եւ ես դրանում ոչինչ չեմ տեսնում: Ապագան ցույց կտա` ինչ է լինելու: Գործընթացը գնում է»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս