ՄԱՐՏԻ 19-ԻՆ
Երեկ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի ներկայացրած հայցի քննությունն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Դատական նիստին չէին ներկայացել մարզպետի փաստաբանները, քանի որ այլ տեղում դատական նիստ ունեին: Բացակա էր նաեւ գործում որպես երրորդ անձ ներգրավված Աննա Թորոսյանը: Դատավոր Արթուր Թամրազյանն էլ որոշեց, որ նիստը կարելի է շարունակել եւ նշանակեց վճռի հրապարակման օր. մարտի 19-ին` ժամը 16:00-ին:
ԹԱՄԱՄԸ` ԱԼԻԿԻՆ
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի դատավարությունը հետաձգվել է մինչեւ մարտի 14-ը: Երեկ, պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավոր է, որ Մարգար Օհանյանի նման իր գլխին էլ սարքած լինի Ալիկ Սարգսյանը, Թամամյանն ասել է. «Մարգար Oհանյանը նման բան չի ասել»:
ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
«Մեր հանդիպման ընթացքում անդրադարձանք նաեւ ս.թ. մայիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, եւ ես վերահաստատեցի հայկական կողմի հանձնառությունը` ընտրական գործընթացները կազմակերպել եւ անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան: Պարոն Բարոզուին ներկայացրի նաեւ ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի ներկա փուլը: Հայկական կողմն այլընտրանք չի տեսնում ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում հարցի խաղաղ, բանակցային ճանապարհով լուծմանը»,-հայտնել է Սերժ Սարգսյանը` ներկայացնելով Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ հանդիպման մանրամասները:
ՆՈՐ ՀՀԿ-ԱԿԱՆԸ
Անկախ պատգամավոր Մխիթար Վարագյանը դիմում է ներկայացրել` ՀՀԿ շարքերն ընդունվելու համար: Թիվ 36 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Վարագյանի դեմ այս անգամ իր թեկնածությունն է առաջադրելու ՕԵԿ անդամ, Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանը: ԱԺ պատգամավորի եղբայրը` Խաչատուր Վարագյանը, Արթիկի քաղաքապետն է, որը հակասություններ ունի ոստիկանապետի հետ: Henaran.am-ի տեղեկացմամբ` Շիրակի մարզ մեկնած վարչապետ Տիգրան Սարգսյանը պիտի լուծում տար Վարագյաններ-Պետրոսյաններ կոնֆլիկտին: Չի բացառվում, որ այստեղ գործի կոալիցիոն սկզբունքը, եւ ՕԵԿ-ը հանգիստ ազատ թողնի ընտրատարածքը:
ՀՈՒՍՈՎ Է
Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն «Առաջին լրատվական»-ին ասել է, որ անցյալ տարի Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները հույս են ներշնչում, որ դա հնարավորություն կտա հնարավորինս ազատ, արդար եւ արժանահավատ ընտրություններ անցկացնել:
ԿՆԿԱՐԵՆ
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը պատրաստվում է մեծամասնական ընտրակարգով առաջադրվել Արտաշատ քաղաքը եւ 30 գյուղեր ընդգրկող թիվ 17 ընտրատեղամասում: Այդուհանդերձ, Կարապետյանը հայտարարել է, թե ինքը չի հավատում արդար ընտրությունների հնարավորությանը. «Իշխանությունն ինչ ուզի` կնկարի»:
ՓՈՐՁԵԼ ԵՆ ՃՆՇԵԼ
30-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատական երեկվա նիստում հարցաքննվել է գործով վկա, կրտսեր սերժանտ Արտակ Հովհաննիսյանը, ով եղել է սպանված լեյտենանտի տեղակալը: Վկան խոստովանել է, որ դեպքից ժամեր անց իրեն եւ այլ զինծառայողների տեղափոխել են ռազմական ոստիկանության մեկուսարան, որտեղ 9 օր է անցկացրել: Ընդ որում, ըստ վկայի` իրեն ամեն օր հարցաքննել են` անգամ չհայտնելով իր իրավական կարգավիճակը:
«ՇԱՌԻՑ» ՀԵՌՈՒ
«Մերս ասում էր` բանի շառից էլ, կանանց շառից էլ հեռու մնա»,- ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը` արձագանքելով գործարար Սիլվա Համբարձումյանի այն հայտարարությանը, թե ԱԺ պատգամավորն իրեն 70 հազար դոլար է պարտք: