ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆՈՒՄ ՄԵԽ Է ԿՈՒԼ ՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011 թվականի հոկտեմբերի 18-ին Մաշտոցի բաժնի ոստիկանության աշխատակիցները` քրեականի հետախուզության բաժնի պետ Արթուր Գեւորգյանի գլխավորությամբ, անօրինական կերպով ներխուժել են Ջանիբեկյան 28 բնակարան եւ բռնի կերպով բերման  ենթարկել Հրաչյա Հենզելի Գեւորգյանին: Վերջինս այժմ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ բուժմասի թիվ 9 խցում: Նա  «Ժողովուրդ»-ի խմբագրություն նամակ է ուղարկել եւ պատմել, թե իրականում ինքն ինչպես է հայտնվել այդտեղ:
Հրաչյան մեղադրվում է իր ընկերուհու` Նառա Հարությունյանի եւ նրա տասնհինգ տարեկան որդու առեւանգման մեջ: Գեւորգյանը պատմում է, որ վերը նշված օրը Մաշտոցի բաժնի աշխատակիցները «խուժանի պես» ներխուժել են իր բնակարան եւ իրեն բերման ենթարկել բաժին: «Իրանք չեն եղել օրգանի համազգեստով, չեն ներկայացրել իրենց մասին ոչ մի փաստաթուղթ եւ չեն ասել, թե ինչում են ինձ մեղադրում: Իրանք միանգամից հարձակվել են վրաս, հարվածել, ծեծել են ատրճանակի բռնակոթով, եւ սա այն դեպքում, երբ ես չեմ դիմադրել նրանց, ոչ մի բառ նրանց հետ չեմ փոխանակել»,-նշել է նամակագիրը: Հրաչյայի խոսքերով` ինքը միայն Մաշտոցի բաժնում է տեղեկացել, թե իրեն ինչի համար են մեղադրում:
«Այնտեղ Մաշտոցի բաժանմունքի պետի տեղակալ Արմեն Գասպարյանը, քրեականի պետ Արթուր Գեւորգյանը եւ էլի մի խումբ աշխատողներ` նրանց գլխավորությամբ, մոտավորապես 3-4 ժամ դաժանաբար ծեծել ու խոշտանգել են, կոտրել են ձեռքս, ինձ ստիպում էին, որ ես գրավոր եւ բանավոր ընդունեմ չարածս հանցագործությունը»,-պատմում է Հրաչյան: Վերջինս նշում է, որ արդեն իր ձերբակալության հաջորդ օրը քննիչ Գարիկ Սահակյանն ու ավագ քննիչ Վ.Ասատրյանն իրեն չեն թողել գրավոր ցուցմունք տալ, քանի որ, ըստ Հրաչյայի,  այդ կերպ կբացահայտվեր, թե իրականում ինչ է կատարվել:
 Ըստ մեր նամակագրի` Նառա Հարությունյանն ինչ-որ կապեր ունի ոստիկանության աշխատակիցների հետ, եւ դա է պատճառը, որ նրան չեն թույլատրել Նառայի «վրա» ցուցմունք գրել. «Քննիչները միակողմանի քննություն էին տանում, գոռգոռալով, բռնի կերպով ինձ ստիպում էին, որ ընդունեմ այն հանցագործությունը, որն իրականում չի եղել»: Դատապարտյալը նշում է, որ ինքը, լինելով հոգեբանական ծանր կացության մեջ եւ այլընտրանք չտեսնելով, ստիպված այլ քայլի է դիմել` այդ կերպ իր բողոքն արտահայտելով. «Աննկատ, պետի, քննիչների, քրեականի պետի սենյակներից` աթոռների եւ սեղանների վրայից, հանեցի 5-6 հատ մեխ, զուգարանի պատուհանի գոգից էլ վերցրի օղակաձեւ երկաթ եւ մեխերի հետ կուլ տվեցի»:
Այդ ամենից հետո հասկանալով, որ իր բողոքը ոչ մի կերպ չի ընդունվում, Հրաչյան հացադուլ է հայտարարել եւ դիմում ներկայացրել ավագ քննիչ Ասատրյանին: Անցած տարվա հոկտեմբերի 20-29-ը Գեւորգյանը գտնվել է հացադուլի մեջ. «Ներկայում առողջական վատ վիճակով գտնվում եմ ՔԿՀ-ի բաժնում` երկաթն ու մեխերը մարմնիս մեջ»:
Հրաչյա Գեւորգյանը հավելել է, որ բազմաթիվ անգամ դիմել է հայրենի բոլոր ատյաններին` Սերժ Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին եւ ԱԺ տարբեր պատգամավորների, սակայն որեւէ արձագանք չի ստացել:
Նամակագրի  հավաստմամբ` որեւէ փաստաթղթում նշված չէ, որ ոստիկանության բաժնում ինքը խոշտանգվել է: Նաեւ` որեւէ բժշկական զննություն չի կատարվել, որտեղից պարզ կդառնար, որ իրեն մի քանի ժամ դաժանաբար ծեծել են: «Քննիչներն այնպես են սարքել, որ ես այդ մեխերը կուլ եմ տվել մեկուսարանում կամ ձերբակալվածների պահման վայրում, իրենք բոլոր փաստերը փոխում են, որպեսզի մի բան էլ ես մեղավոր դառնամ, հաշվի չեն առնում ոչ մի բան»,-նշում է դատապարտյալը: Նա փաստում է, թե իր միակ ցանկությունն այն է, որ իր գործը կրկին քննեն, որի ժամանակ ինքը կբերի այնպիսի վկաների, որոնք կպատմեն, թե իրականում ինչ է եղել, եւ թե ինչպես է Նառա Հարությունյանը եւս մի քանի հոգու խաբել:
Հրաչյան վերջում նշում է, որ իր 70-ամյա մորը եւս ահաբեկում են, որպեսզի նա նույնպես սուտ ցուցմունք գրի. «Մորս չեն թողել տուն գնա, ասել են` մինչեւ էս թուղթը չստորագրես, ոչ մի տեղ էլ չես գնալու, իսկ երբ մայրս դատապաշտպան է խնդրել, կոպիտ եւ արհամարհական տոնով պատասխանել են, թե քեզ չի հասնում»:
ՀՀ ԱՆ ՔԿՀ վարչության պետ Գոռ Ղլեչյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ Գեւորգյանն այժմ առողջական որեւէ խնդիր չունի եւ բողոքում է իր քրեական գործից:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս