Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը Հայաստանում քաղաքացիական պայքարի միջոցով քաղաքական հաղթանակ տանելու լրջագույն ծրագրերով հրապարակային դաշտ մտավ «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհուրդը: Չվարկաբեկված անցյալ ունեցող մի խումբ երիտասարդներ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի եւ «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի առաջնորդությամբ նպատակադրվել են հասնել Հայաստանում իշխանափոխության ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հետ կնքված պայմանագրի միջոցով:
2014թ. պետական բյուջեի նախագծում քիչ չեն նաեւ աբսուրդային ծախսերը: Ընդ որում, առաջին հայացքից անգամ նկատելի է, որ այդ գումարները հատկացվել են հետագայում «ատկատ» անելու համար: Օրինակ՝ կառավարությունն առաջարկում է 106.9 մլն դրամ (մոտ 260 հազար դոլար) տրամադրել կառավարության գործունեության գնահատման, կյանքի որակի եւ համայնքային կարիքների գնահատման հետազոտություն անելու համար, իսկ ՀՀ պետական պարտքի կառավարման գործընթացի հրապարակայնության ապահովման համար տրամադրվելու է 50 մլն դրամ (123 հազար դոլար): 3 մլն դրամ էլ ցանկանում են տրամադրել «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության մրցույթին: Տեսակետ կա, որ եթե այդ մրցույթին ներկայացվեն վարչապետ Տիգրան Սարգսյանի` վերջին 5 տարվա ելույթները, ապա նա կշահի առաջին մրցանակը:
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն վերջերս միջազգային խորհրդաժողովներից մեկի ժամանակ հետապնդել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին` ցանկանալով հանդիպել նրա հետ, սակայն Նալբանդյանն ամեն գնով փորձել է խուսափել թուրք պաշտոնակցից` դիմելով անգամ անհավանական քայլերի: Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմել է, որ Դավութօղլուն ՀՀ այցից առաջ ցանկացել է զրուցել Էդ. Նալբանդյանի հետ, սակայն վերջինս անընդհատ խուսափել է նրանից: Նույնիսկ միջանցքում, երբ Դավութօղլուն ցանկացել է մոտենալ Նալբանդյանին, ՀՀ ԱԳ նախարարն արագ մտել է զուգարան եւ սպասել այնքան, մինչեւ նա կհեռանա: Դավութօղլուն ավելի ուշ զանգահարել է Նալբանդյանին հյուրանոցի համարի հեռախոսով, բայց վերջինս, լսելով, որ «Ահմեդն է» եւ ուզում է գալ` զրուցելու, ասել է, որ ինքը զրուցելու ցանկություն չունի, այլ կամենում է քնել:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ՄԻՊ Կարեն Անդրեասյանը ցեխ է շպրտել դատական համակարգի ուղղությամբ՝ հրապարակելով թվեր, թե դատավորները որքան կաշառք են վերցնում. «Միանշանակ համաձայն չեմ այդ զեկույցի հետ ու բացատրեմ, թե ինչի համար: Ուրեմն դա, ըստ էության, հաղորդում է հանցագործության մասին, եթե ինքն այդքան ինֆորմացված է, թող գնա դատախազություն: Ու այդ դեպքում թող քննեն ու ասեն՝ դա համապատասխանում է իրականությանը, թե ոչ: Եթե համապատասխանում է իրականությանը, մեղավորներին կպատժեն, եթե չի համապատասխանում, իրեն կդատեն սուտ մատնության համար»: Ըստ Ռ. Վարդազարյանի՝ դատավորները չեն կաշառվում. «Ես չգիտեմ որեւէ դեպք, երբ դատավորը կաշառվում է, եթե որեւէ մեկը նման բան գիտի, պետք է հայտարարություն տա, ու նրան պետք է այդ մարդու հետ դատեն կաշառք վերցնելու համար»: