«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ եթե ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցեն, ապա կմասնակցեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Հարությունյանի կարծիքով` ԲՀԿ-ն այն կուսակցությունն է, որն այսօր ամենաբարձր վարկանիշն ունի, եւ ում հետ կարելի է ընտրությունների գնալ: -Պարո՛ն Հարությունյան, Ձեր թեկնածությունն առաջադրելո՞ւ եք ԱԺ առաջիկա ընտրություններում: -Կուսակցության պահով ասեմ, որ դեռեւս քննարկումներ են գնում, տարբերակները շատ են: Մի քանի օրից հետո մենք դրա մասին կհայտարարենք: -Մեր տեղեկություններով` որոշել եք միանալ ԲՀԿ-ին, ճի՞շտ է: -Տարբերակներ շատ ունենք, բացի Հանրապետականին միանալուց՝ մյուս տարբերակները քննարկում ենք: Բայց դեռ որոշում չունենք, թե ինչ ենք անելու: -Բացառեցիք ՀՀԿ-ին միանալու տարբերակը, ինչո՞ւ: -Այո՛, ՀՀԿ-ն բացառում եմ: Գաղափարական առումով… շատ կարեւոր է` արդյոք այդ մարդիկ այդ արժեքները կրում են, թե ոչ, որովհետեւ ժողովրդավարության մասին շատերն էին խոսում, բայց այդ մարդիկ այդ արժեքները չեն կրում: ՀՀԿ ասելով` ի՞նչ ենք հասկանում մենք, ո՞ւմ նկատի ունենք: ՀՀԿ-ից, կոպիտ ասած, բան չի մնացել, էն ԱՄԿ-ականներն ընդհանրապես ստվերում են, որոնք շատ լավ են պահել իրենց, իսկ մարդիկ եթե մի գիշերում կարան երկրապահից հետո ՀՀԿ դառնան, մեզ նման բանը հետաքրքիր չէ: Այսօրվա ջահելներն էլ իրենց կուսակցության պատմությունն էնքան էլ լավ չգիտեն, օրինակ` մի բան ասեմ` համամասնականի հետ կապված, իրանք չգիտեին, որ կուսակցությունը 92-93 թվականներին միտինգ է արել: -Բայց որոշ փորձագետների կարծիքով` ԲՀԿ-ն էլ վերջին ժամանակներս որոշակի վարկանշային անկում ունեցավ, մասնավորապես որոշ գործիչների անդամակցությունից հետո: -Եթե մենք դաշինքներ անենք, մենք վարկանիշին չենք նայելու, այսօր ասենք, հազար ներողություն, իմ վարկանիշը այդքան… վարկանիշն ինչո՞վ է երեւում, երբ դու ասենք 5 տոկոսը հաղթահարած կլինեիր` օֆիցիալ տարբերակով: Իսկ ես համոզված եմ, որ ես այդ 5 տոկոսը հաղթահարել եմ: Իմ ձայներն ուղղակի տարել են: -Հնարավո՞ր է, որ Արտաշատի ընտրատեղամասում Ձեր թեկնածությունն առաջադրեք: -Եթե մեծամասնականով դնեմ, այո՛, այդ տեղամասում կդնեմ: -Արտաշատում հնարավոր է իր թեկնածությունն առաջադրի նաեւ ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը… -Ինձ համար էնքան էլ կարեւոր չէ, եթե ես որոշեմ առաջադրվել, ես չեմ նայի` ով ա առաջադրվելու, եթե մենք հարմար գտանք, որ այդ ընտրատարածքում դնելու ենք, ուրեմն պայքարելու ենք: Գիտեք ինչ, ես կարծում եմ, որ այս ընտրությունները բացառապես այլ են լինելու, ես գտնում եմ, որ եթե մենք անգամ մենակ գնանք, հնարավոր կլինի մեր ձայները պահել: Ցավոք սրտի, ես այսօր չգիտեմ, թե ես որքան ձայն եմ հավաքել, որովհետեւ միշտ կորցրել եմ այդ ձայները: