ՉԵՂԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գուրգեն Մահարին իրեն հատուկ հումորով ասում էր. «Որտեղ երեք հայ, այնտեղ` չորս կուսակցություն»: Երեւի դասականի այս միտքն ուղղակիորեն է ընկալել Սպարտակ Մելիքյանը, որ որոշել է հիմնել, ավելի ճիշտ` գրանցել կուսակցություն ու կուսակցապետի թիկնոցն առած` իրեն երկրի քաղաքական կյանքի առանցքներից մեկը հռչակել: Դե, փոքրիկ Հայաստանի հատկապես գյուղական բնակավայրերում ու փոքր քաղաքներում մայրաքաղաքից եկող-գնացող կուսակցապետերին դեռեւս ընդունում են մոտավորապես այնպես, ինչպես Բրեժնեւին էին ընդունում տարբեր վայրերում:
Հենց ընդունելությունների շուքն ու պերճանքն էլ հրապուրել է Ս.Մելիքյանին, այդ պատճառով էլ տարին մեկ անգամ Վանաձոր ու էլի նման տեղեր է գնում, ինչ-որ բարեգործությունների մասին խոստումներ հնչեցնում, երեխաների պաշտպանության օրվա առթիվ փոքրիկներին փուչիկներ նվիրում ու վերադառնում Երեւան, որտեղ կարող է մարդկանց հոծ խմբի մեջ նույնիսկ չնկատվել: Շատերը կարող են անգամ չհիշել, որ նա ԱԺ պատգամավոր է, որովհետեւ իբրեւ օրենսդիր` լրացնում է «գորշերի» բանակը: Ս.Մելիքյանը մեկն է մեր այն իբր քաղաքական գործիչներից, ով պետական որեւէ հիմնարկությունում գրեթե չի աշխատել, Հայաստանում  գործունեություն չի ծավալել, սակայն բոլորի համար անսպասելի դարձել է ԱԺ   անդամ: Ավելի ճիշտ` ոչ անսպասելի, որովհետեւ Երեւանի կենտրոնում` Խանջյան փողոցում, գրասենյակ էր հիմնել, որի ճակատին փակցրել էր ԺԱԿ մակագրությամբ մեծադիր պաստառը, դռների մոտ ականջակալներով ու բջջայիններով սափրագլուխներ կանգնեցրել, որպեսզի օձն իր պորտով չկարողանա մուտք գործել «մեծն կուսակցապետի» գրասենյակ: Դե, նա ազգափրկիչ ծրագրերով էր զբաղվում` առավելապես հոգ տանելով սեփական բիզնեսի մասին: Հիմա էլ վաճառել է գրասենյակը:
Ադրբեջանի Դաշքեսանի շրջանի Չովդառ գյուղում է ծնվել Սպարտակ Մելիքյանը, ծառայել խորհրդային բանակում եւ 1988-1992թթ. գտնվել անհայտության մեջ: Ինչով է զբաղվել, որտեղ է բնակվել` ոչ ոք չգիտի: Հայտնի է, որ 1992-1994թթ. աշխատել է «Արարատ» մասնավոր ձեռնարկությունում որպես գլխավոր հաշվապահ: Ինչպես է հաշվել որեւէ կրթություն չունեցող մարդը, ինչպես է բալանսներ, ֆինանսական հաշվետվություններ կազմել` չգիտենք: Անգամ չգիտենք էլ, թե որտեղ է գտնվել այդ մասնավոր ձեռնարկությունը: 1994-1995-ին էլ եղել է Ուսուրիյսկում հիմնադրած սեփական «Սպարտակ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը, դրանից հետո էլ դարձել  «Անտարես» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենը: Նշենք, որ գլխավոր տնօրեն եղած ժամանակ է միայն ստացել բարձրագույն կրթություն` 1996-ին ավարտելով ՌԴ Պրիմորիեի երկրամասի պետական գյուղատնտեսական ակադեմիան: Մեկ տարի անց էլ ավարտել է նույն ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետը: Ուրեմն մասնագիտությամբ անասնաբույժ-ճարտարագետ, ապա նաեւ տնտեսագետ է: Բայց այսքանով էլ չբավարարվելով` 2006-ին ավարտել է Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտը: Մեր տեղեկություններով` սա կոոպերատիվ բուհ է: Եւ կոոպերատիվ բուհի շրջանավարտը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ինչպես ինքն է նշել իր կենսագրության մեջ, եւ դարձել տնտեսագիտության թեկնածու: Շատ կուզենայինք իմանալ, թե ինչ թեմա է ընտրել Ս.Մելիքյանը, որ գիտխորհրդում եւ երբ է պաշտպանել:
Շարունակելով թափանցել Մելիքյանի աշխատանքային գործունեության մեջ` նշենք, որ 1996-1998թթ. աշխատել է Պրիմորիեի մթերային բարեգործական հիմնադրամի Ուսուրիյսկի մասնաճյուղում որպես ղեկավար: 1998-2002թթ. ղեկավարել է «Ուսուրիյսկ ԳՈՒՄ» ԲԲԸ-ն: Ուսուրիյսկը ոսկու կորզման կարեւորագույն կենտրոններից մեկն է, հետեւաբար դժվար չէ կռահել, թե հայ խոպանչիների ու նորահայտ գործարարների սիրելի վայրում ինչով կարող էր զբաղվել Սպարտակ Մելիքյանը, ով, 2002թ. Հայաստան գալով, նշանակվել է «Զորավանի անասնահամալիր» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ: Ուղիղ 4 տարի` 2003-2007թթ., զբաղվել է անհատ ձեռներեցությամբ, ձեռքի հետ էլ ինքնահռչակվել ԺԱԿ կուսակցության առաջնորդ: Հանրապետականում էլ տեսել են, որ աչքաբաց է, փողեր ունի, ունի  նաեւ ամբիցիաներ, եւ համամասնականով դարձրել են պատգամավոր:
Ս.Մելիքյանի հայտնությունը խորհրդարանում ապացույցն է այն բանի, որ մեր մի շարք կուսակցություններ անլուրջ վերաբերմունք ունեն օրինաստեղծ գործունեության հանդեպ: Ժամանակ առաջ Մելիքյանը հրապարակավ հայտարարեց, որ դատի է տալու հայկական «արդարադատության պարագլուխներ» Արման Մկրտումյանին եւ Դավիթ Ավետիսյանին: Մի քանի օր հերոսացած ման եկավ, իսկ հետո ամեն ինչ մատնվեց մոռացության… «Իմ մտահոգությունը կհաստատեն բոլոր նրանք,  ում վիճակված է,  օրինակ,  ազատազրկման ձեւով պատիժ կրել կենցաղային հողի վրա վիճաբանելու կամ մանր գողություն կատարելու համար, թեպետեւ այդ նույն պահին բազմաթիվ թալանչիներ եւ մարդասպաններ, այդ թվում` խաղաղ պայմաններում հայ զինվորներին կյանքից զրկած հանցագործները, հանգիստ վայելում են ազատության բերկրանքը: Եւ այս ամենին անտարբեր` մեր կոռումպացված պաշտոնյաները, նաեւ կոռուպցիոն մեխանիզմները դատական համակարգում շարունակում են աշխատել ժամացույցի պես: Փոխվել են միայն միջնորդները, եւ աճել են կաշառքի չափերը` այդպիսով էապես մեծացնելով մեր պետական ու ազգային անվտանգությանը սպառնացող վտանգը»,-ասել էր պատգամավորը:
Հետո էլ Ս.Մելիքյանին դատի տալու մասին հայտարարություն արեց Իշխան Զաքարյանը: Ուշագրավն այն է, որ այդ առիթով Գալուստ Սահակյանը շատ ինքնատիպ մեկնաբանություն տվեց. «Սպարտակ Մելիքյանը խորհրդարանական անփորձություն ունի, այդ պատճառով էլ նման զեղումներ է անում, որոնք ինձ համար անընդունելի են»: Մելիքյանը հայտարարել էր, թե « Վերահսկիչ պալատն «Անանիա Շիրակացի» համալսարանի ստուգումների ժամանակ 4000 դոլար կաշառք է պահանջել»: Ինչպես հետագայում պարզվեց, այս պատմությունն էլ հայտնվեց հուշերի գրքում: Ասում են, որ Ս.Մելիքյանին «քաղցրացրել» ու խնդրել են հեռու մնալ «սկանդալներից»:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս