ՌՈՒՍՆԵՐԸ ՓԱԿԵՑԻՆ ՄԵՐ ՕԴԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հենց Սերժ Սարգսյանը մեկնեց Բրյուսել, ռուսական «Ռոսնավիգացիա» ընկերությունը (Ռուսաստանի քաղաքացիական ավիացիոն վարչությունը) հիշեց, որ Հայաստանում «Արմենիա» ընկերությունը պարտք ունի իրեն: Ռուսները հրաժարվեցին սպասարկել «Արմավիա»-ի չվերթերը, քանի որ ընկերությունն իրենց պարտք է 178 հազար ԱՄՆ դոլար: Միայն օրվա վերջում թույլատրվեց «Արմավիա»-ին` թռիչքներ կատարել մինչեւ մարտի 20-ը:
Եւ այսպես, երեկ` առավոտից, «Արմավիա» ընկերությունը, որը պատկանում է Միխայիլ Բաղդասարովին, անժամկետ գործադուլ էր հայտարարել` պահանջելով «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկումն իրականացնող ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից իջեցնել սպասարկման սակագները: Առավոտից ընկերության սպասարկման կետերի մոտ մարդկանց հոծ բազմություն էր հավաքվել, որոնք պատրաստվում էին մեկնել Մոսկվա եւ Ռոստով, սակայն չէին կարողանում: Առավոտյան ժամը 06:45-ից դադարեցրել էին Երեւան-Մոսկվա եւ Երեւան-Ռոստով չվերթերը:
Մենք գնացինք «Զվարթնոց» օդանավակայան` պարզելու, թե ինչ է կատարվում: Այնտեղ մարդիկ` հագած-կապած, ճամպրուկներով, փորձում էին գոնե իրենց գնած տոմսերը վերադարձնել, որպեսզի այլ ընկերության ինքնաթիռներով մեկնեն, սակայն չէր ստացվում: «Արմավիա» ընկերության աշխատակիցները պատասխանում էին. «Որտեղից որ գնել եք, այնտեղ էլ դիմե՛ք»: Ուղեւորներից մի կին, ով եկել էր Լեռնային Ղարաբաղից, հազիվ էր զսպում իր զայրույթը: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Առավոտից էստեղ եմ, չեմ կարողանում տոմսս ետ վերադարձնեմ, ուրիշ ընկերությունից տոմս առնեմ, ասում են` որտեղից որ առել ես, տա՛ր էնտեղ փոխի, իսկ իմ տոմսը գնել ենք Մոսկվայից»: Ուղեւորների մեջ 40-ին մոտ մի տղամարդ զայրացած ասում էր, թե այլեւս «Արմավիա»-ից տոմս չի գնելու. «Ես այսօր շատ կարեւոր գործարք էի կնքելու, բայց իրենց պատճառով հանդիպումից ուշանում եմ, ո՞վ է փոխհատուցելու իմ վնասը»:
Միայն ժամը 14:00-ին օդանավակայանում սնունդ բերեցին ուղեւորներին:
Այդ ամբողջ ընթացքում «Արմավիա» ընկերության աշխատակիցներից «Ժողովուրդ»-ը փորձում էր տեղեկություններ ստանալ իրավիճակի մասին, բայց ի պատասխան` հնչում էր «չենք կարող ոչինչ ասել» զայրացնող ձեւակերպումը: Միայն տեղեկացանք, որ երեկ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում հանդիպում է տեղի ունեցել ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի եւ «Արմավիա» ավիաընկերության ներկայացուցիչների միջեւ: Որոշվել է մեկ նման հանդիպում էլ անցկացնել առաջիկա երեքշաբթի:
Արդյունքում երեկոյան գործադուլը դադարեց, եւ չվերթերը վերսկսվեցին: «Ռոսնավիգացիա»-ն իր տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ «Արմավիա»-ից երաշխավորագիր է ստացել, որ մինչեւ մարտի 20-ն ընկերությունը կմարի անցյալ տարվա դեկտեմբերին հասանելիք 178 հազար դոլար պարտքը: Հաղորդագրությունում նշվում է նաեւ, որ «Արմավիա»-ն մեկ անգամ չէ, որ զգուշացվել է պարտքերը չվճարելու համար:

ՄԱՆՈՒՇԱԿ ԹԱՎՐԻԶՅԱՆ




Լրահոս