ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՅՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մի խումբ նախարարների ուղեկցությամբ ժամանել էր Գյումրի: Տեղական ու մարզային իշխանությունները ջանք չէին խնայել, որ Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հնարավորինս լեփ-լեցուն լիներ: Ահա թե ինչու այստեղ էին հավաքվել Շիրակի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ` մանկավարժներ, դասվարներ, ինչպես նաեւ մարզպետարանի եւ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցներ:
Վարչապետին ուղեկցում էին ՀՀ կրթության, արդարադատության, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարները, ինչպես նաեւ մի խումբ հանրապետական պատգամավորներ: Մայրաքաղաքի հյուրերը ժամանել էին ավտոբուսով, որի վրա խոշոր տառերով գրված էր` «Հայաստանի հանրապետական կուսակցություն»: Քարոզարշավային բնույթի հանդիպումը տեւեց բավականին երկար, եւ այդ ընթացքում վարչապետը զբաղված էր նախընտրական քարոզարշավ իրականացնելով: Տ.Սարգսյանը ներկայացրեց, թե առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն ինչի վրա է շեշտը դնելու: Նախընտրական ծրագրի առաջին կետով նախատեսված է զարկ տալ տնտեսության արդյունաբերական ուղղության զարգացմանը, բարձր վարձատրությամբ աշխատատեղեր են ստեղծվելու, իսկ ծրագրի երկրորդ փուլով, վարչապետի փոխանցմամբ, նախատեսված է զարգացնել գյուղատնտեսությունը:  «Գյուղում ապրելն ի վերջո պետք է հարմարավետ լինի գյուղացու համար, գալիք 5 տարիներին կառավարությունն իսկապես դեմքով շրջվելու է դեպի գյուղը»,-հայտարարեց վարչապետը: Նա խոսեց նաեւ կրթության եւ առողջապահության ոլորտում առկա խնդիրներից: Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ ՀՀԿ նախընտրական ծրագրի պատասխանատուն ինքն է, հետեւաբար մարզից մարզ է շրջում, որպեսզի լսի բնակչությանը հուզող խնդիրները, որպեսզի դրանք ներառվեն ծրագրում:
Վարչապետի խոստումները բազմաբնույթ էին` 5 տարի հետո գյուղերում ինտերնետ է լինելու, ֆինանսավորելու են այն մարդկանց, որոնք սրտի վիրահատության կարիք ունեն, բայց այն դեպքում, երբ համոզված կլինեն, որ քաղաքացին այդ վիրահատությունից հետո տասը տարի կապրի, օգնելու են աղքատ ընտանիքներին:
Մինչ հանդիպման մեկնարկը, փորձեցինք գյուղապետերից եւ մանկավարժներից ճշտել, թե ինչու են հավաքվել: Նրանք հիմնականում պատասխանում էին, որ չգիտեն: «Միջոցառումը կսկսվի` կիմանանք, ասել են` եկե՛ք, մենք էլ եկել ենք՝ մասնակցելու: Հիմա դուք էլ, մենք էլ կտեսնենք` ինչու են զանգել ու զգուշացրել չբացակայել»,-փոխանցեց ներկաներից մեկը:
Վերջում ՀՀԿ-ականները նստեցին իրենց «ուրախ ավտոբուսը»-ը եւ մեկնեցին Վարդան Ղուկասյանի «Օազիս»` քեֆ-ուրախությունն այնտեղ շարունակելու համար:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս