Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց պետական դավաճանության մեջ մեղադրվող Կարեն Մեհրաբյանի եւ նրան օժանդակելու մեջ մեղադրվող Ռոմիկ Մաթեւոսյանի, Աշոտ Չտրկյանի, Արթուր եւ Դավիթ Ավետիքյանների, Կարեն Պետրոսյանի գործով դատական վիճաբանությունների փուլը: Մթնոլորտը կրկին լարված էր. Չտրկյանի հարազատներն ընդվզում էին մեղադրողի եւ մեղադրանքի դեմ, քանի որ նրանց դժվարությամբ էին թողել մտնել ներս: Նիստի սկզբում Աշոտ Չտրկյանը դատարանին խնդրեց իր արդարությունը պարզելու համար ստի դետեկտոր օգտագործել, ինչի շնորհիվ կապացուցվի իր անմեղությունը:
Երեկվա դատական նիստում պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալներից երկվորյակ եղբայրներ Դավիթ եւ Արթուր Ավետիքյանների պաշտպան Էդմոնդ Մարուքյանը: Հիշեցնենք, որ 1983թ. ծնված եղբայրները մեղադրվում են հանցագործության մասին իմանալու եւ չհայտնելու մեջ: 2011 թվականի հունիսին նրանք իրենց ազգական Կարեն Մեհրաբյանից տեղեկացել էին, որ վերջինս Թուրքիայում ազգությամբ թուրք մի անձնավորության միջոցով ծանոթացել է հայերեն խոսող անձանց հետ, որոնց առաջադրանքով պարտավորվել է գումարի դիմաց հայթայթել ռազմական բնույթի` Հայաստանի զինուժի, զորամասերի, զորամասերում գտնվող տեխնիկայի, զինծառայողների վերաբերյալ տեղեկություններ` իրենց փոխանցելու համար, ինչպես նաեւ Կարեն Մեհրաբյանից ստանալով համագործակցության առաջարկ ու հասկանալով, որ խոսքը պետական դավաճանության մասին է` չէին հայտնել իրավապահ մարմիններին: Իր պաշտպանական ճառում Է. Մարուքյանը նշեց. «Արթուր Վոլոդյայի Ավետիքյանը եւ Դավիթ Վոլոդյայի Ավետիքյանն անմեղ են, եւ նրանց գործողություններում չի հայտնաբերվել այնպիսի արարք, որը կարող էր քրեորեն հետապնդելի արարք համարվել… Ինչպե՞ս է դատախազը որոշել, որ իմ պաշտպանյալներին հաստատապես հայտնի էր Կարեն Մեհրաբյանի մտադրությունը, եւ եթե անգամ այդ կողմից էլ նայենք, մի՞թե իմ պաշտպանյալները պետք է վկայություն տային իրենց մերձավոր ազգականի դեմ, չէ՞ որ օրենսդրորեն դա արգելված է»: Նա նաեւ նշել է, որ չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ ամբաստանյալների:
Մեղադրյալ Կարեն Մեհրաբյանը նախաքննության ընթացքում` լրացուցիչ հարցաքննության ժամանակ, այսպիսի ցուցմունք էր տվել. «…Զանգել եմ Դավո եւ Արթուր անուններով կնոջս քեռու որդիներին, որոնցից հետաքրքրվել եմ, թե ունեն արդյոք զինծառայող ծանոթներ, ինչին նրանք պատասխանեցին, որ չունեն այդպիսի ծանոթներ, ես նույնիսկ ասել եմ, որ գործի համար է եւ գումար կտամ: Արդեն հետագայում` վերջին գալուս ժամանակ, ես հանդիպել եմ նրանց եւ նոր միայն ասել գործի էությունը, ասել, որ ռազմական բնույթի տեղեկություններ եմ հավաքում, եւ նրանք էլ ինձ խորհուրդ են տվել նման բանով չզբաղվել եւ հեռու մնալ»,-մեջբերեց պաշտպանը, որից հետո հավելեց նաեւ նույն Կարեն Մեհրաբյանի դատաքննական ցուցմունքը, որը վերաբերում էր երկու եղբայրներին. «որ, …Արթուր եւ Դավիթ Ավետիքյաններին ինքը որեւէ առաջարկ չի արել, եւ իր պատմածից նրանք որեւէ կերպ չէին կարող հասկանալ, որ խոսքը լրտեսության եւ պետական դավաճանության մասին է, քանի որ ինքը Արթուր եւ Դավիթ Ավետիքյաններին չի պատմել ոչինչ, որից նրանք կարող էին հասկանալ, որ ինքը լրտեսություն է նախապատրաստում»: Դատարանում գլխավոր ամբաստանյալը պնդեց դատաքննական ցուցմունքը:
Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 16-ին, որի ժամանակ պաշտպանական ճառով հանդես կգան մյուս ամբաստանյալների պաշտպանները:
ՄԵՐՁԱՎՈՐ ԱԶԳԱԿԱՆԻ ԴԵՄ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՉԵՆ ՏԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ