Վարդենիսցիներին որեւէ պաշտոնյա ցույց չտվեց, որ պետք չէ խուճապի մատնվել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ կեսօրին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում խուճապային իրավիճակ էր: «ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած բնակիչները պատմեցին, որ Սոթք եւ Տրետուք համայնքների մոտով Հայաստանի տարածք են մտել ադրբեջանցիներ եւ թունավորել ջրի ակունքները: Դրանից հետո լուրեր են տարածվել, որ Քարվաճառից 14 տարեկան հայ հովիվ է կորել: Եվ այստեղից սկսվեց ողջ զավեշտը՝ ի ցույց դնելով արտակարգ իրավիճակներում որոշ պաշտոնյաների մասնագիտական ունակությունները, որն ամենաակտիվ կերպով դրսեւորվում է «Ֆեյսբուք»-ում գրառումներ անելով:

Երբ պաշտոնապես փորձեցինք տեղեկությունը պարզել ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, վերջինս ժամեր շարունակ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Իսկ երբ armlur.am-ը տեղեկություն հրապարակեց այդ մասին, Արծրունը միանգամից հայտնվեց, զանգահարեց խմբագրություն եւ հրամայական տոնով՝ առանց հիմնավոր բացատրության, որ դա մեր երկրի համար վտանգավոր լուր է, պահանջեց կայքից «հանել տեղեկությունը»: Մենք ստիպված եղանք Արծրունին մանրամասնել իր կարգավիճակից բխող որոշ գործառույթներ:

Իսկ ամենացավալին այն էր, որ երեկ ողջ օրվա ընթացքում այդպես էլ խուճապահար վարդենիսցիներին որեւէ պաշտոնյա (թեկուզ տեղական կամ մարզային իշխանության մակարդակով) չբարեհաճեց անձնական օրինակով ցույց տալ, որ պետք չէ խուճապի մատնվել:

Ի դեպ, երեկ Երեւանից ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ Գեղարքունիքի մարզի բնակիչների մոտ դասախոսություն էին կարդում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, եւ ոչ մի խոսք՝ խուճապի մասին»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։    




Լրահոս