«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Նաիրիտ» ՓԲԸ-ի աշխատակիցները որոշել են անժամկետ բողոքի ակցիաներ սկսել: Այսօր, առավոտյան ժամը 10-ին նրանք հավաքվելու են ՀՀ կառավարության շենքի մոտ: Ակցիաներին մասնակցելու են գործարանի արհմիությունը, աշխատողները, նաեւ կոլեկտիվի այն անդամները, որոնք հարկադիր պարապուրդի մեջ են: Ակցիայի կազմակերպիչները զանգահարել են մարդկանց եւ կանչել տներից:
Ավելի վաղ «Նաիրիտի» աշխատակիցները նամակով դիմել էին ՀՀ կառավարությանը, որով երկու հարցադրում էին արել. ե՞րբ է աշխատելու գործարանը, եւ ի՞նչ ժամանակացույցով են մարելու իրենց աշխատավարձերը: Նաեւ վերջնագիր էին ներկայացրել, որ եթե այս հարցերի պատասխաններն իրենք չստանան, ապա բանվորները դուրս կգան փողոց:
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը երեկ մեզ հայտնեց, որ իրենց վերջին անգամ աշխատավարձ են վճարել մայիսի 20-ին: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը կոլեկտիվի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ սա նրանց վերջին աշխատավարձն է լինելու»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։