Ներկայացնում ենք «Առավոտ» թերթի խմբագրականից մի հատված.
«Միակ մարդը, որին ես պետք է դաստիարակեմ ամեն օր, մինչև խորը ծերություն, մինչև իմ վերջին շունչը, ես եմ: Դրանով ես դրական իմպուլսներ եմ հաղորդելու իմ շրջապատին, և դա միանգամայն բավարար է: Ասեմ ավելին ՝ դա շատ-շատ է: Եթե կինս և ես տանը բարձրաձայն չենք խոսում, կարո՞ղ է պատահել, որ երեխաներն իրար վրա գոռան: Եթե մենք տանը հիմնականում զբաղված ենք կարդալով և գրելով, մի՞թե հնարավոր է, որ նրանք չհարգեն գիրքը ՝ լայն իմաստով, որպես մտքի արգասիք: Հասարակական հարաբերություններում գործում են նույն կանոնները: Դուք չպիտի փորձեք դաստիարակել կամ ուղղել ոչ մեկին՝ բացի ձեզնից, առավել ևս՝ պատժել (իհարկե, եթե պետությունը ձեզ վրա նման պարտականություն չի դնում): Պարզապես ձեր վարքով ցույց տվեք, թե ինչն է, ձեր կարծիքով, գեղեցիկ, պարկեշտ, պատշաճ, մնացածն էլ թող մտածեն իրենց մասին: Խոսքս չգրված օրենքների, մշակույթի մասին է, առանց որի ոչ մի գրված օրենք չի գործի:
Մեր իրավաբաններից մեկը հրաշալի օրինակ բերեց. Արևմուտքում քրեական օրենսգիրքը գնալով բարակում է հենց այդ մշակույթի, ավանդույթների հաշվին: Հայաստանում հաստանում է, որովհետև հեղինակները փորձում են փակել բոլոր հնարավոր և անհնարին սողանցքները՝ «բա որ քննիչն այսպես անի, կասկածյալն՝ այնպես, դատավորն էլ ՝ սա մոգոնի»: «Բա որ»-ի պարագայում մարդկանց բանականության վրա հույս չի դրվում: Գործում է լուսահոգի Վլադիմիր Նազարյանի ասած ՝ խելագարության կանխավարկածը: Գուցե գիտակցության, դիմադրողականության վրա իմ հույսը ռոմանտիկ է թվում: Բայց մենք գիտենք, չէ՞, որ նույնիսկ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում և «Գուլագում» ոգով ուժեղ մարդիկ դիմադրում էին»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։