ՀԱՐՑ. Կորպորատիվ փաթեթի տերն ի՞նչ իրավունքներ ունի, նա կկարողանա արդյոք վերցնել եւ ուսումնասիրել զանգերը, հաղորդագրությունները, ու ընդհանրապես, այդ համարի հետ կապված մանրամասներ ճշտել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նախ` կարեւոր ենք համարում պարզաբանել, թե ինչ է կորպորատիվ փաթեթը: Այն կազմակերպություններին առաջարկվում է որպես լուծում` առավել շահավետ պայմաններով օգտվելու բջջային կապի ծառայություններից: Կորպորատիվ փաթեթի հիմնական գաղափարը խմբի ներսում` տվյալ փաթեթում ներառված հեռախոսագծերի միջեւ մատչելի սակագներով զանգեր կատարելու հնարավորությունն է:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն առաջարկում է կորպորատիվ փաթեթների երկու տեսակ` կախված կառուցվածքից եւ իրավական կարգավիճակից: Առաջինի դեպքում մեր բաժանորդը կոնկրետ կազմակերպություն է, որն ամբողջությամբ պատասխանատու է փաթեթի հետ կապված իրավական եւ ֆինանսական հարցերի համար (այդ թվում` մանրամասն հաշվի վերծանում ստանալու հարցում): Հաղորդագրությունների բովանդակությունը հնարավոր չէ իմանալ, մանրամասն հաշվի վերծանումը ելքային զանգերին ու հաղորդագրություններին է վերաբերում: Երկրորդ տեսակի փաթեթի ընտրության դեպքում կազմակերպությունը միայն երաշխավորում է իր աշխատակիցների կամ ասոցացված բաժանորդների պարտականությունների կատարումը: Այդ դեպքում մանրամասն հաշվի վերծանումը տրամադրվում է միայն փաթեթում ներառված հեռախոսագծից օգտվող բաժանորդին: Տեղեկատվության տրամադրման հարցում մեր ընկերությունը որդեգրել է պատասխանատու մոտեցում` առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ:
կապերի եւ լրատվության բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մնում է, որ բաժանորդները ծառայություններից օգտվելուց առաջ ծանոթանան բոլոր առաջարկներին` հատկապես իրենց համար առավել նախընտրելի տարբերակին նախապատվություն տալու նպատակով: