ՀԱՐՑ. Ես համատիրության աշխատող եմ, բազում տարիներ նույն գործով եմ զբաղվում, բայց երբեք չեմ մեկնել արձակուրդի: Ինձ հետաքրքրում է` համատիրության աշխատողների հանգստի գնալն ինչպե՞ս է որոշվում, եւ ինչպե՞ս է հաշվարկվում համատիրության աշխատողի աշխատավարձը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Համատիրությունը համարվում է իրավաբանական անձ, գրանցված է պետական ռեգիստրում եւ իր եկամուտներից ու աշխատավարձերից վճարում է սոցվճարներ: Սա նշանակում է, որ համատիրությունը գործատու է: Եթե քաղաքացին ասում է, որ աշխատում է համատիրությունում, ապա պետք է կնքված լինի աշխատանքային պայմանագիր իր եւ գործատուի միջեւ: Աշխատանքային պայմանագրում, օրենքից ելնելով, սահմանվում են որոշ պարտադիր կետեր. այդ թվում պարտադիր նշվում է իր աշխատավարձի չափը եւ ամենամյա արձակուրդից օգտվելու իրավունքը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե գործատուն աշխատավարձն ինչպես է սահմանում, ապա ասեմ, որ գործատուն իրավունք ունի սահմանելու աշխատավարձի երեք ձեւ` ամսական աշխատավարձ, աշխատաժամի դիմաց տրվող աշխատավարձ եւ կատարած գործի ծավալի դիմաց տրվող աշխատավարձ: Քաղաքացին թող վերանայի պայմանագիրը: Եթե աշխատանքային պայմանագիր չկա, ապա տվյալ քաղաքացին օրենսդրությամբ ձեւակերպված աշխատող չի եղել:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե Նունե Պետրոսյանը հետեւողական գտնվի, ապա նա ոչ միայն կկարողանա օգտագործել արձակուրդի համար իրեն այդպես էլ չտրված ժամանակահատվածը, այլեւ չվճարված արձակուրդայինի համար որոշակի գումար կստանա: Չի բացառվում նաեւ, որ վերջինս տվյալ համատիրությունում ընդհանրապես գրանցված չլինի, ու պարզվի, որ գործատուն օրենքը կոպտորեն խախտել է եւ խոշոր տուգանքների պետք է ենթարկվի: