ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆՏԵՂՅԱԿ ՆԱԽԱՐԱՐԸ

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի տեսակետը պարզել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կողմից ներկայացրած, 77 էջից բաղկացած զեկույցի վերաբերյալ: Սակայն նախարարը, իր սովորության համաձայն, հայտարարեց, որ շտապում է, չի տիրապետում ինֆորմացիային ու արագ քայլերով հեռացավ: Նշենք, որ ՄԻՊ-ը ՀՀ վճռաբեկ դատարանը համարել է անվստահելի, իսկ դատական համակարգը՝ կոռումպացված:
-Պարո՛ն նախարար, օմբուդսմենը զեկույց է ներկայացրել դատական համակարգի վերաբերյալ…
-Ծանոթ չեմ այդ զեկույցին:
-Կ. Անդրեասյանը ՀՀ վճռաբեկ դատարանը համարել է անվստահելի կառույց…
-Ասում եմ՝ ծանոթ չեմ, հետո կծանոթանամ, կպատասխանեմ:
-Պարո՛ն Թովմասյան, խնդրում եմ՝ կանգնե՛ք…
-Շտապում եմ (վազելով դուրս է գալիս-խմբ.):

 

ԷԼԻ ՊԱՐՏՔ

Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազելու փոխարեն գնալով աճում է: Ըստ պաշտոնական վիճակագրության, եթե այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4.3 մլրդ դոլար, ապա նոյեմբերին այդ թիվը հասել է 4.5 մլրդ դոլարի: Տարեսկզբի համեմատ ավելացել է նաեւ արտաքին պարտքը` դառնալով 3.8 մլրդ: Ընդ որում, արտաքին պարտքի առյուծի բաժինը կազմում է կառավարության պարտքը` 3.3 մլրդ դոլար:

 

ՏԱՊԱԼՎԵՑ

Պաշտոնական այցով Հնդկաստան մեկնած ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին այդպես էլ չի հաջողվել մասնակցել Հնդկաստանի խորհրդարանի նիստին, թեեւ այդ միջոցառումը նախօրոք ծրագրված է եղել: Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի մահվան պատճառով Հնդկաստանում սուգ է հայտարարվել, ու խորհրդարանի երկու պալատների լիագումար նիստերը չեն կայացել: Փոխարենը Հ. Աբրահամյանը հանդիպել է Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուքերջիի, ԱԳ նախարար Սալման Խուրշիդի հետ:

 

ԹԱՆԿԱՑԵԼ Է

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած քաղաքացիները հայտնեցին, որ Երեւանի «Թումանյանի շաուրմա»-ի շաուրմաները 100 դրամով թանկացել են: Օրինակ՝ 650 դրամանոց շաուրման դարձել է 750 դրամ, իսկ 850 դրամանոցը՝ 950 դրամ: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Թումանյանի շաուրմա»-ի մենեջեր Էդգար Դավթյանի հետ, որը պատճառաբանեց. «Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների թանկացումների պատճառով են այս թանկացումները: Այլեւս չէինք կարողանում տեղավորվել: Եթե գազն ու էլեկտրաէներգիան էժանանան, ապա հնարավոր է, որ մենք էլ էժանացնենք»:




Լրահոս