ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎՐԱ ՑԵ՞Խ Է ՇՊՐՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես է եկել 77 էջից բաղկացած արտահերթ զեկույցով: Նա նշել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանն անվստահելի է, իսկ դատական համակարգը՝ կոռումպացված:

Ըստ ներկայացված զեկույցի, եթե Վճռաբեկ դատարանը (ՎԴ) լիներ վստահելի, ապա Վարդան Պետրոսյանի վթարի, Ավետիք Բուդաղյանի սպանության, «Հարսնաքար» ռեստորանում Վահե Ավետյանի սպանության դեպքերում ամեն քաղաքացի չէր փորձի դառնալ դատավոր, փոխարենը կսպասեր Հայաստանի դատարանի արդար վճռին: Նշվում է նաեւ, որ եթե Վճռաբեկ դատարանն արդար գործեր, ապա մարդիկ արդարադատություն չէին փնտրի փողոցներում: Ըստ զեկույցի, եթե ՎԴ-ի եւ նրա երկու պալատների նախագահներ Արման Մկրտումյանը, Դավիթ Ավետիսյանն ու Երվանդ Խունդկարյանը պատշաճ գործեին, ապա դատական անօրեն վճիռներով հազարավոր սովորական մարդկանցից չէին խլի տունը, փողը, աշխատավարձը, սեփական երեխային, բանտերում չէին հայտնվի անմեղ մարդիկ, իսկ հանցագործները չէին մնա ազատության մեջ:
Եվ, ի վերջո, շուրջ 120 փաստաբանների, դատախազների, դատավորների, իրավաբան գիտնականների եւ այլ փորձագետների հետ հարցազրույցների արդյունքում պաշտպանը հրապարակել է դատական կաշառքի սակագները: Այսպես` հարցվածների մեծ մասի պնդմամբ` կաշառքի սակագները տատանվում են հետեւյալ միջակայքերում. առաջին ատյանում` 500-10.000 ԱՄՆ դոլար, Վերաքննիչ դատարանում` 2000-15.000 ԱՄՆ դոլար, Վճռաբեկ դատարանում` 10.000-50.000 ԱՄՆ դոլար:
Հրապարակված զեկույցում տեղ գտած գնահատականների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ:
-Պարո՛ն Վարդազարյան, ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հրապարակած արտահերթ զեկույցում լրջագույն մեղադրանքներ են հնչեցված ՀՀ դատական համակարգի, մասնավորապես Վճռաբեկ դատարանի գործունեության շուրջ: Համամի՞տ եք զեկույցում ներկայացված գնահատականներին:
-Միանշանակ համաձայն չեմ ու բացատրեմ, թե ինչի համար համաձայն չեմ: Ուրեմն դա, ըստ էության, հաղորդում է հանցագործության մասին, եթե ինքն այդքան ինֆորմացված է, թող գնա դատախազություն: Որովհետեւ ինքն ինչ ասում է, դա կաշառք է, կոռուպցիա է, դրանք հանցագործություններ են, թող գնա դատախազություն, ոստիկանություն կամ ՀՔԾ, հայտարարություն տա: Ու այդ դեպքում թող քննեն ու ասեն՝ դա համապատասխանում է իրականությանը, թե ոչ: Եթե համապատասխանում է, մեղավորներին կպատժեն, եթե չի համապատասխանում, իրեն կդատեն սուտ մատնության համար: Ինչպե՞ս կարելի է ամբողջ համակարգի վրա ցեխ շպրտել:
-Կ. Անդրեասյանն իր զեկույցում կոնկրետ դեպքեր է նշում, թե որտեղ է, մեղմ ասած, արդարության պակաս նկատվում…
-Մեղադրում է ամբողջ դատական համակարգը, ասում, թե որ մարդիկ արտագաղթում են, ապա դրանում մեղավոր է դատարանը:
-Ընդամենը նշում է, որ երկրում արդարություն չգտնելու պատճառով են մարդիկ արտագաղթում:
-Կոնկրետ Ձեզ հարց տամ. Դուք դատարանին վերաբերող հարց ունեցե՞լ եք դատարանում:
-Այո՛, ունեցել եմ:
-Արդա՞ր է եղել:
-Ո՛չ, պարո՛ն Վարդազարյան, արդար չի եղել:
-Հիմա Ձեր տեսակետից արդար չի եղել, իսկ դատավորի տեսակետից արդար է եղել, ո՞վ կարող է դրա պատասխանը տալ, արդյո՞ք այդ պատասխան տվողը Կարեն Անդրեասյանն է: Ես միանշանակ կարող եմ ասել, որ ես համաձայն չեմ իր տեսակետի հետ, կարծում եմ, որ դա մասնավոր մեկի կարծիքն է, որը որ իրավունք չունի նման կարծիք բարձրաձայնել եւ այդպես հրապարակային ելույթ ունենալ: Եթե մեկին կասկածում է կամ վստահ է, որ որեւէ դատավոր խախտում է թույլ տվել, թող հայտարարություն տա դատախազությունում, թող գործ հարուցեն, քննեն:
-Կ. Անդրեասյանն անդրադարձել է նաեւ դատական համակարգում առկա կոռուպցիայի մեխանիզմներին: Դրա՞ն էլ համամիտ չեք, ըստ Ձեզ` դատական համակարգում կոռուպցիա չկա՞:
-Ծիծաղելի է ինձ համար, բառիս բուն իմաստով, բացի ժպիտից՝ ուրիշ բան չառաջացրեց դեմքիս:
-Այսինքն՝ Դուք վստահ եք, որ այսօրվա դատավորներն անկաշա՞ռ են:
-Ես չգիտեմ որեւէ դեպք, երբ որ դատավորը կաշառվում է, եթե որեւէ մեկը նման բան գիտի, պետք է հայտարարություն տա, ու նրան պետք է այդ մարդու հետ դատեն կաշառք վերցնելու համար: Տեսե՛ք՝ դատական դեպարտամենտում հայտնաբերվեց այդ պրոբլեմը, ու դատարանի մոտեցումը տեսաք:
-Այդ դեպքում ի՞նչ է նշանակում ՄԻՊ-ի զեկույցը՝ հորինվա՞ծք է:
-Ինձ չի թվում՝ հորինել են, ինձ թվում է՝ դա անձնավորված է, կոնկրետ անձանց դեմ է ուղղված, բայց թե ում` ավել բան չեմ կարող ասել, քանի որ ինֆորմացված չեմ:
-Պարո՛ն Վարդազարյան, դատական համակարգը պատրաստվո՞ւմ է պատասխանել Կ. Անդրեասյանի զեկույցին:
-Երեւի թե նման հարց կքննարկվի Վճռաբեկ դատարանում կամ էլ դատավորների միությունում կարող է նման հարց բարձրացվել: Իսկ իմ կարծիքն այն է, որ նման ձեւով ցեխ շպրտելուն որեւէ կերպ անհրաժեշտ չէ պատասխանել, քանի որ դա արդյունք չի տա: Ընդամենը պետք է վիճակագրական տվյալներ հրապարակել, որտեղ կերեւա՝ քանի գործ է դատարաններում քննվում, քանիսն է բողոքարկվել, որից հետո թող ժողովուրդն իր եզրակացությունը տա: Այսօր ում մատը փուշ է մտնում, վազում է դատարան: Եթե չեն հավատում դատական համակարգին, ապա ինչո՞ւ են դատարան դիմում:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս