Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման, Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունների մասին armlur.am-ը զրուցել է Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ:
– Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ գրել էր, թե ստատուս քվոն ավելի վտանգավոր է դառնում: Նա պարբերաբար հայտարարություններ է անում: Ինչպե՞ս եք վերաբերվում նրա հայտարարություններին:
-Երբ խոսվում է ստատուս քվոյի հետագա պահպանման վտանգավորության մասին, և ասվում է, որ այն վիճակը, որը 20 տարի շարունակ պահպանվել է միջնորդների և հակամարտության կողմերի համատեղ ջանքերով, այլևս հանդուրժել չի կարելի, ապա հասկանալի է, որ շահագրգռություն կա փոխելու առկա իրողությունները:
Ստատուս քվոն փոխելու կողմնակիցներն ասում են, որ այդ իրենց պահանջը պայմանավորված է շուտափույթ կերպով երկարաժամկետ խաղաղություն հաստատելու իրենց ցանկությամբ, որն, անշուշտ գովելի է: Միաժամանակ, ստիպված ենք արձանագրել, որ բանակցային գործընթացում մի այնպիսի նոր բան տեղի չի ունեցել, որը կարող էր մոտեցնել հակամարտող կողմերի մոտեցումները: Այսինքն՝ չկա որևէ օբյեկտիվ դրական նախադրյալ, որն առկա ստատուս քվոն քանդելու հիմնավորում է տալիս: Այսինքն՝ ստատուս քվոն քանդելու հիմնավորումը, հավանաբար, ամենևին էլ կապված չէ անմիջականորեն ԼՂ հակամարտության և դրա կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացի հետ և այդ պահանջի դրդապատճառներն այլ են:
– Ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել ստատուս քվոյի պահպանման: Ինչո՞ւ մենք պետք է մեր ազատագրված տարածքները հանձնենք:
-Ակնհայտ է, որ տարածքներ հանձնելու վերաբերյալ հայկական կողմերին ուղղված պահանջը հարկավոր է դիտարկել «Մադրիդյան սկզբունքներ» կոչվածի համատեքստում, որպիսիք Հայաստանը ճանաչել է որպես ընդունելի բանակցային օրակարգ: Քանի այդպես է, տարածքներ հանձնելու վերաբերյալ պահանջը օրինաչափորեն մշտապես շրջանառելու են: Մադրիդյան սկզբունքները կայուն, երկարաժամկետ և փոխընդունելի խաղաղություն հաստատելու համար պիտանի չեն, քանի որ այնպիսի հակասություններ են պարունակում, որոնք հաղթահարելի չեն կողմերի համար: Հարկավոր է մշակել այլ սկզբունքների վրա հիմնված օրակարգ, որն ունակ կլինի չհակադրել հակամարտության կողմերի իրավունքները:
– Մենք շատ թույլ վիճակում ենք նստած բանակցային սեղանին, ո՞րն է դրա պատճառը:
-Չասեմ, որ բանակցային սեղանի շուրջ մեր դիրքերը թույլ էին: Ասեմ միայն, որ հայկական կողմերը մի շարք լրջագույն փաստարկներ են անտեսել, ինչի արդյունքում էլ մեզ են հրամցվել այն բանակցային սկզբունքները, որոնց կիրառումը կհակասի մեր արմատական, երկարաժամկետ շահերին:
Նաիրա Հովհաննիսյան