Պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել արգենտինական La Nacion հեղինակավոր պարբերականին, որը ներկայացնում ենք ստորև.
Մասնավորապես, Ս. Սարգսյանը հարցազրույցում նշել է, որ Լատինական Ամերիկա իր այցելությանը հիմնական նպատակն է Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին ամրապնդել տարածաշրջանային համերաշխությունը, միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Կովկասում ստեղծված լարված իրավիճակի վրա: Եվ չնայած Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրշները հիվանդության պատճառով չի կարողացել հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, վերջինս Կիրշներին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու 2015-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին:
-Պարո՛ն նախագահ, իսկ այդ միջոցառումներին Թուրքիայի ընտրվելիք նախագահը հրավիրվա՞ծ է: Կա՞ն դրա նախադրյալները:
-Նախևառաջ վատ չէր լինի իմանալ, թե ով է լինելու Թուրքիայի հաջորդ նախագահը:
-Նախագահական ընտրություններում, ըստ ամենայնի, ամենամեծ շանսերն ունի գործող վարչապետ Թայիփ Էրդողանը:
-Հնարավոր է: Եկե՛ք չշտապենք և սպասենք ընտրությունների արդյունքներին:
-Թուրքիան, դրա մասին հայտարարել է նաև Էրդողանը, շարունակում է հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց: Հնարավո՞ր է՝ Էրդողանի այդ կոշտ դիրքորոշումը հանգեցնի նրան, որ նա չհրավիրվի Հայաստան:
-Թուրքիան պնդում է, որ մենք բացենք արխիվները և ներկայացնենք կոնկրետ փաստեր Հայոց ցեղասպանությունից: Մենք կցանկանայինք հրավիրել Թուրքիայի նախագահին և հնարավորություն տալ նրան սեփական աչքերով տեսնել հազարավոր մարդկանց, ովքեր հավաքվելու են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին: Հնարավոր է, որ երբ նա տեսնի այդ ամենը, ոչ մի ապացույց պետք չի լինի նրան ներկայացնելու:
– Կա կարծիք, որ ներկա պահին Թուրքիայում թուրքական ազգայնականության վերածնունդ է տեղի ունենում: Դա նկատելի էր նախընտրական արշավներ անցկացնելիս: Նման իրավիճակը կարո՞ղ է բարդացնել ՀՀ և Թուրքիայի միջև առկա առանց այն էլ ոչ պարզ հարաբերությունները:
-Կցանկանայի հիշեցնել, որ մենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք: Իսկ եթե դրանք չկան, ինչպե՞ս կարող են բարդանալ:
-Լավ, կփորձեմ ձևակերպել հարցս այլ կերպ: Ադրբեջանը Թուրքիայի ռազմավարական գործընկերն է, իսկ Անկարան միանաշանակ պաշտպանում է Բաքվի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում…
-Հայ-թուրքական սահմանին ոչ մի լարվածություն չկա, ամեն դեպքում՝ քաղաքական: Այն առկա է հայ-ադրբեջանական հարաբերություններում: Լարվածություն կա, սակայն դա գալիս է Ադրբեջանից: ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, ԼՂ հակամարտությունն առաջարկում են կարգավորել 3՝ ուժի և սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովրդի իրավունքի և ինքնորոշման սկզբունքներով:
-Այո՛, բայց նախորդ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի նախագահը սպառնաց գրավել Երևանը, եթե Հայաստանը չվերադարձնի Լեռնային Ղարաբաղը Բաքվին: Այժմ իրավիճակը ավելի շատ պատերազմի՞ն, թե՞ խաղաղությանն է մոտենում:
-Մենք չենք բացառում ռազմական գործողությունների վերսկսումը: Սակայն ես կարծում եմ, որ Ադրբեջանը նման գործողությունների հնարավորություն չունի: Նրանք իսկապես մեծ գումարներ են ծախսում ռազմական տեխնիկա և սպառազինություններ գնելու վրա, սակայն դա հաղթանակ չի երաշխավորի:
-Մաքսային միության անդամը դառնալու Հայաստանի ձգտումը պայմանավորված չէ՞ հնարավոր ագրեսիայից Հայաստանը պաշտպանելու դաշնակիցներ փնտրելու միտումով:
-Այն, որ մենք խորացնում ենք հարաբերությունները Ռուսաստանի հետ, նոր փաստ չէ: Ավելի քան 20 տարի առաջ մենք մտանք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեջ, իսկ այս տարիների ընթացքում ՌԴ հետ համագործակցության տասնյակ պայմանագրեր ենք կնքել:
-Այո՛, բայց Ռուսաստանը վերջին ժամանակներին Ադրբեջանին մոտ 2 մլրդ դոլարի զենք է վաճառել:
-Մեզ համար դա ցավոտ թեմա է: Մեր ժողվուրդը շատ է մտահոգված այն փաստով, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին: Սակայն ես վստահ եմ, որ Հայաստանը բավականաչափ խելք և ուժ ունի, որպեսզի պաշտպանի իր սահմանները: Չնայած նրան, որ Ռուսաստանը Բաքվին զենք է վաճառում, նա հանձն կառնի իր ստանձնած պարտավորությունները:
-Ուկրաինայի դեպքերի հետ կապված՝ Ռուսաստանի հետ միությունը կբարդացնի՞ Եվրոպայի հետ հարաբերությունները:
-Լիովին հասկանալի է, որ Մաքսային միության մեջ Հայաստանի ընդգրկվելը եվրոպացիներին դուր չի գա: Սակայն ես վստահ եմ, որ մեր եվրոպացի գործընկերները գիտակցում են, թե ինչու մենք չգնացինք դրան:
-Ու՞մ եք հրավիրել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին:
-Հրավերքներ ուղարկվել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր պետությունների ղեկավարներին:
-Իսկ ի՞նչ են պատասխանել նրանք:
-Առայժմ պատասխաններ չենք ստացել, քանի որ մինչ միջոցառումները դեռ բավականին ժամանակ կա: