“Արմենիա միջազգային օդանավակայաններ” ընկերությունը և “Արմավիա” ընկերությունը մոտ կես ժամ առաջ նոր համաձայնագիր են ստորագրել: Ինչպես օդանավակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց “Արմենիա միջազգային օդանավակայաններ” ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Բենդեն, պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտակա օրերից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակատվածում “Արմավիան” մաս-մաս կմարի “Զվարթնոց”-ին ունեցած 5 մլն 300 հազար դոլար պարտքը: Համաձայնության են եկել նաև նոր սակագների մասին: Միաժամանակ անդրադառնալով “Արմավիա”-ի այն բողոքներին, թե օդանավակայնը մեծ գումար է գանձում սպասարկման համար, ընկերության ներկայացուցիչը հայտարարեց. “Ընդունելի չէ, որ բիզնեսի մեղքը բարդվում է մեր վրա”: Նրա խոսքով, օդանավակայանը ավիափոխադրողից շատ փոքր գումար է գանձում, և չի կարող ազդել նրա ողջ բիզնես պլանի վրա: “Արմենիա միջազգային օդանավակայաններ” ընկերության իրավախորհրդատու Արմեն Տեր-Տաճատյանի խոսքով, եթե “Արմավիա”-ն չպահպանի համաձայանգրում ամրագրված պարտքի մարման ժամանակացույցը, ապա համաձայնագիրը չեղյալ կհամարվի: Նա չբացառեց, որ ավիափոխադրողի հետ նոր համաձայնության չգալու դեպքում ընկերությունը կարող է դիմել դատարան:
Զվարթնոցն ու Արմավիան կրկին համաձայնության եկան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ