ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՐԹ ՈՒ ՆԻՍՏ

Այսօր կառավարության նախաձեռնությամբ գումարվելու է ԱԺ արտահերթ նստաշրջան: Դրա օրակարգում ընդգրկված է 20 հարց: Զարմանալի զուգադիպությամբ ԱԺ նստաշրջանը համընկել է Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ «Հայ ազգային կոնգրես»-ի կազմակերպած երթի հետ: Իսկ դա նշանակում է, որ ՀԱԿ խմբակցության պատգամավորները չեն մասնակցի նիստին. լավագույն դեպքում նրանք նիստի մեկնարկին կգրանցվեն ու կգնան երթի:

 

 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈԽՀԱՏՈՒՑԻ

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը պատրաստվում է իր աշխատակիցներին փոխհատուցել 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող կենսաթոշակային պարտադիր 5% վճարները: Ընկերության լրատվական ծառայության ղեկավար Վահե Իսահակյանը 168.am-ին ասել է, թե ի սկզբանե «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը փորձել է վերը նշված խնդրին լուծում գտնել՝ իր մտահոգությունները հասցեագրելով համապատասխան պաշտոնատար անձանց, բայց քանի որ նամակը չի ծառայել իր նպատակին, որոշվել է ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք թույլ կտային վերացնել աշխատակիցների շրջանում տեղ գտած մտահոգությունները: Նշենք, որ նման քայլի են գնացել նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանին պատկանող Ավշարի գինու-կոնյակի գործարանը։

 

 

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՒՅՆՆ Է

Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի նիստի ավարտին Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է. «Իհարկե, այս հանդիպման բովանդակությունն այլ է եւ տարբերվում է նախորդից՝ հաշվի առնելով Հայաստանի ստանձնած նոր միջազգային պարտավորությունները, սակայն նույնն է մնացել մեկ բան, եւ ես կուզենայի դա ընդգծել. դա մեր ցանկությունն է ունենալ սերտ հարաբերություններ եւ առաջ գնալ այն ամենում, ինչ ունենք: Եվ այս առումով մենք վերահաստատեցինք մեր հարաբերությունների հիմքը վերանայելու եւ թարմացնելու անհրաժեշտությունը»:

 

 

ՆՈՐ ԹԱՂԱՊԵՏ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է նշանակել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբոր որդուն՝ Արտակ Ալեքսանյանին: Տարոն Մարգարյանը երեկ այցելել է թաղապետարան եւ ներկայացրել նոր թաղապետին:
ՄԵԶ ԿԽՂՃԱՅԻՆ
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կիեւում շատ-շատ մարդիկ հավաքվել են Մայդանում եւ փոփոխություններ են ուզում։ Նրանք էլեկտրաէներգիայի համար վճարում են 13.7 դրամ (Հայաստանում՝ 37), գազի համար այստեղ վճարում են 35.5 հազար դրամ (Հայաստանում՝ 158,000 դրամ), իսկ եթե շատ-շատ ես վառել՝ ընդամենը 53.7 հազար դրամ։ Հայաստանում մենք գազի համար վճարում ենք 158,000 կամ 391 դոլար, եթե դարձնում ենք եվրոպական կալորիականության՝ 496 դոլար, իսկ եթե նկատի ունենանք, որ ըստ էներգետիկայի նախարարի՝ այդ ամենը վճարելուց հետո էլ 90 դոլար պարտք ենք մնում ՌԴ-ին՝ 586 դոլար։ Մինչդեռ իբր թե մենք գազը 2.3 անգամ ավելի էժան ենք ստանում։ Ի՞նչ կլիներ, եթե այս ամենը Մայդանի ժողովուրդն իմանար»։

 

 

15 ՏԱՐԻ

Երեկ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման: Դատարանն ապացուցված է համարել պատվեր տալու մեղադրանքը, իսկ ապօրինի ռազմամթերք՝ փամփուշտներ պահելու մեղադրանքում ամբաստանյալն արդարացվել է:




Լրահոս