Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի արտգործնախարարության Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը պաշտոնական Երևանի անունից խոստովանեց, որ Ռուսաստանը չի տեղեկացնում Հայաստանին, թե ինչ սպառազինություն է վաճառում Ադրբեջանին:
«Ազատության» հարցին, թե կարող է արդյոք Հայաստանը զենք մատակարարել Ռուսաստանի հետ պատերազմական վիճակում գտնվող երկրին և չտեղեկացնել Ռուսաստանին, նա պատասխանեց. «Դա չի մտնում մեր ռազմավարական գործընկերության շրջանակներում: Դրանք երկկողմ հարթությունում իրականացվող գործառույթներ են»:
Մկրտչյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանին մեծածավալ սպառազինություն մատակարարող առաջին երեք երկրները Ռուսաստանը, Իսրայելը և Ուկրաինան են:
Նա ընդգծեց, որ շարունակելով սպառազինվել նման ծավալներով՝ Ադրբեջանը խախտում է 1990թ․ կնքված «Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին» պայմանագիրը:
«Զգալի թվաքանակներով խախտում է առնվազն երեք կատեգորիայի` մարտական տանկերի, զրահամեքենաների, հեռահար հրանոթների գծով: Այդ մասին Հայաստանը պարբերաբար ահազանգում է նաև պայմանագրի իրականացման խնդիրներով զբաղվող հատուկ կառույցներում, որոնք տեղակայված են Վիեննայում, ԵԱՀԿ շրջանակներում»: