ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԿՐԱԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզում իրավիճակը կարծես թե վերահսկողությունից դուրս է եկել: Նոյեմբերի 15-ին Սարդարապատ եւ դեկտեմբերի 7-ին Եղեգնուտ գյուղերում հնչած կրակոցները ենթադրել են տալիս, որ մարզի քրեական հեղինակությունները ոտքի են կանգնել, իսկ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այս հարցում ձեռնպահ է մնում գնահատականներ տալուց` ամեն ինչ թողնելով ոստիկանների հույսին:

Հիշեցնենք, որ Սարդարապատ գյուղում հնչած կրակոցների հետեւանքով սպանվել էր քրեական հեղինակություն համարվող 41-ամյա Արմեն Եփրեմյանը` Թեփ Արմենը: Նրան սպանել էր գյուղում անհետ կորած «օրենքով գող» համարվող Գոռի հորեղբոր տղան՝ 21-ամյա Նժդեհ Երանոսյանը: Նրա հորեղբայրը մինչ օրս անհետ կորած է, դիակը չի հայտնաբերվել, եւ հիմնական կասկածյալը համարվում էր Թեփ Արմենը: Վերջինս 12 տարի բացակայելուց հետո, երբ Սարդարապատ գյուղ էր եկել, Նժդեհը վրեժխնդիր էր եղել նրանից, իսկ կատարվածը որակվել էր որպես վենդետա:
Այս դեպքից մոտ մեկ ամիս անց հերթական կրակոցները հնչեցին մարզում ու դարձյալ նույն ձեռագրով: Վիրավորվածը նոր էր վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից:
Այս անգամ կենտրոնում Եղեգնուտ գյուղն էր: Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 17:45-ին, աջ ազդրի բաց կոտրվածքով՝ հրազենային վնասվածքով, հիվանդանոց բուժօգնության է դիմել 1979թ. ծնված Արայիկ Հովհաննիսյանը: Պարզվել է, որ վերջինիս կրակել է 1991թ. ծնված Մխիթար Աշոտի Գազազյանը, որին դեկտեմբերի 7-ին Բագրատաշենի անցակետից բերման են ենթարկել: Նշենք, որ ըստ տարածված լուրերի՝ Մխիթար Գազազյանն Էջմիածնում քրեական հեղինակություն է եւ շատերին առավել հայտնի է «Բուսի տղա Մխո» մականունով: Արայիկը նույնպես Եղեգնուտում համարվում է քրեական հեղինակություն:
Պարզեցինք, որ հրազենային վնասվածք ստացած Արայիկն ապրում է Եղեգնուտ գյուղում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Եղեգնուտի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը նշեց, որ Եղեգնուտում քրեական հեղինակություններ չկան, եւ, առհասարակ, կատարվածը շատ զարմանալի է իր համար: «Արայիկը նորմալ աշխատող տղա է, գնացել էր Մոսկվա՝ աներոջ մոտ աշխատելու, ու մոտ երկու տարի կլիներ, ինչ գյուղ չէր եկել: Այս տարի եկավ, ու նման բան լսեցինք: Իսկ թե ինչ է եղել այս երկուսի մեջ, դեռ հայտնի չէ»,-ասաց գյուղապետը՝ հավելելով, որ «Բուսի տղա Մխո» մականունով Մխիթարն ապրում է Էջմիածին քաղաքում:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Արայիկի քեռու` Աբրահամ Պետրոսյանի հետ: Վերջինս պատմեց, որ Արայիկի ծնողները մահացել են, եւ ընտանիքը գտնվում էր սոցիալապես շատ վատ վիճակում. «Արայիկի եղբայրն օրեր առաջ վթարի է ենթարկվել ու հիվանդանոցում է: Դրա համար էլ նա եկել է Հայաստան` եղբորը խնամելու: Մյուս եղբայրներից մեկը հոգեկան խնդիրներ ունի: Ի՞նչ ասեմ, իմ պահած երեխաներն են, ի՞նչ քրեական հեղինակություն, ի՞նչ լուրեր են տարածում, նման բան չկա, բանվոր դասակարգի մարդիկ են»:
Աբրահամի խոսքով` իրենք Մխիթար Գազազյանին չեն ճանաչում. «Առաջին անգամ եմ լսում այդ մարդկանց մասին, իսկ Արայիկը շառոտ մարդ չէ, մինչ Ռուսաստան գնալն էլ ոչ մեկի հետ խնդիր չուներ, իսկ թե ինչ խնդիր է եղել այս տղայի հետ, դեռ ոչինչ չգիտենք: Պատկերացրե՛ք մի բան, որ Արայիկը Ռուսաստանից եկել էր, դեռ մեր տուն էլ չէր հասցրել գալ: Ինձ դեպքի օրը զանգահարել է եղբայրս եւ ասել, որ նման բան է եղել: Ի՞նչ ասեմ, սկզբում Արայիկին տարել են Էջմիածնի հիվանդանոց, այնտեղից էլ տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն»:
Արայիկի քեռու ներկայացմամբ՝ վերջինիս «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ, եւ կյանքին վտանգ չի սպառնում: Ավելին, ըստ մեր զրուցակցի՝ այս օրերին հիվանդասենյակի մոտ հսկողություն են իրականացնում ոստիկանության աշխատակիցները:
«Ժողովուրդ»-ը փորձեց Արմավիրի մարզպետ, ոստիկանության պաշտոնաթող գեներալ Աշոտ Ղահրամանյանից հետաքրքրվել, թե ինչ գնահատական կտա մարզում արձանագրված սկանդալային դեպքերին: «Ես ասելու բան չունեմ, ոստիկանությունը զբաղվում է, ինքն էլ իր գնահատականը կտա»,-ասաց մարզպետն ու անջատեց հեռախոսը:
Հավելենք, որ Մխիթար Գազազյանը ձերբակալված է, եւ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվ. 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) եւ 235-րդ հոդվ. 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս կրակոցները եղել են կենցաղային` պարտք ու պահանջի դրդապատճառով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս