ԱՊՕՐԻՆԻ ՀԱՐՍՏԱՆԱԼԸ ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՑԱՆՔ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 9-ին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) կողմից կազմակերպված միջոցառման շրջանակներում ՀԵԻԱ-ն ներկայացրեց կոռուպցիայի դեմ պայքարում իր կողմից իրականացված գործունեությունը, ինչպես նաեւ՝ թե ինչ է ակնկալում պետության կողմից կոռուպցիայի դեմ պայքարում: Մասնավորապես, ՀԵԻԱ նախագահը նշեց, որ օրվա հրամայական է դարձել ապօրինի հարստացման քրեականացումը, հաղորդում տվող անձանց պաշտպանության ու խրախուսման օրենսդրական կարգավորումը, ինչպես նաեւ Հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծումը:

Վերը նշված առաջարկները ՀԵԻԱ-ի կողմից գրավոր ներկայացվել էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին դեռեւս 2012թ.: Ընդ որում, այդ առաջարկներն ուղղակիորեն բխում են ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի» պահանջներից, որին Հայաստանը միացել է 2007թ. ապրիլի 4-ին: Սակայն մինչ օրս դեռ պատասխան չկա: Ու այս համատեքստում հետաքրքիր է, թե նոր ձեւավորվելիք կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողովում ինչպիսի կազմակերպություններ կընդգրկվեն՝ նման առաջարկների հեղինակ հանդիսացող մասնագիտական կազմակերպությունները, թե իշխանության հետ փոխկապակցված հ/կ-ները:

 

 

 

ԽՑԱՆՈՒՄՆԵՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ

Ինչպես միշտ, ՀՀ-ում տեղացած ձյունն անսպասելի է լինում տեղական իշխանությունների համար: Թեեւ այս տարի առաջին ձյունը տեղաց ճիշտ ժամանակին` դեկտեմբերի առաջին շաբաթում: Հատկապես Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար «անսպասելի» տեղացած ձյան պատճառով երեկ քաղաքի որոշ փողոցներում խցանումներ էին: «Ժողովուրդ»-ին ահազանգած երեւանցիներից շատերը տեղեկացրին, որ իրենց մեքենաները տեղացած առատ ձյան պատճառով արգելափակվել են, ինչի արդյունքում ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի, եւ առաջացել է խցանում: Ու ծանր վիճակում հայտնված վարորդներին օգնել են հիմնականում ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ինչն ամենեւին էլ իրենց գործառույթը չէ:
Նախօրեի երեկոյան էլ Սեւան-Երեւան ճանապարհին խցանումներ էին, եւ ՃՇՇ աշխատակիցները ձյունը մաքրելու առանձնակի ջանքեր չէին գործադրում: Սակայն զարմանալիորեն ժամը 19:00-ից հետո բոլորը սկսեցին աշխատել հարյուրապատիկ եռանդով: Քիչ անց խցանումները վերացել էին, իսկ ճանապարհները՝ մաքրվել. պարզվեց՝ նման հեքիաթային կերպարանափոխության «մեղավորը» Սերժ Սարգսյանն էր, որը վերադառնում էր Ծաղկաձորից: Հաշվի առնելով ՃՇՇ աշխատակիցների գործելաոճը` ցանկալի կլինի, որ ձմռան ամիսներին հատկապես առատ ձյուն տեղացած վայրերում Ս. Սարգսյանը հաճախակի երեւա: Ի դեպ, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ հայաստանյան ճանշինների մեծ մասը վնասով է աշխատում, ինչին մենք առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնանք:
Իսկ առայժմ տեղեկացնենք, որ ըստ ՀՀ ԱԻՆ-ի՝ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են միայն Սելիմի լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Բագարան-Արմավիր ճանապարհահատվածները: Դժվարանցանելի են Երեւան-Սեւան, Եղեգնաձոր-Գորիս, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները, Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզերի ավտոճանապարհները, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի հատվածը եւ Դիլիջանի ոլորանները: Ի դեպ, երեկ՝ ողջ օրը, ձյուն է տեղացել Քյարքիի ոլորանների եւ Սիսիան քաղաքի հատվածում: Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի ավտոճանապարհներին առկա է եղել մերկասառույց: ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել ձմեռային անվադողերով եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն էլ` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
Ավտոճանապարհների զգալի մասում՝ Թալինի, Ապարանի, Սեւանի, Գավառի, Սիսիանի, Գորիսի ճանապարհահատվածներում եւ Սելիմի լեռնանցքում առկա է մերկասառույց:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 




Լրահոս