Մարդու իրավունքների պաշտպանման միջազգային օրը Հայաստանում, կարելի է ասել, սկսվեց դեռ մեկ օր առաջ, երբ տրվեց քաղաքական նոր միավորման մեկնարկը, որը նպատակ ունի նաեւ պաշտպանել հենց Հայաստանի քաղաքացու իրավունքները: Խոսքը «Քաղաքացիական պայմանագիր» միավորման մասին է, որի հիմնարար փաստաթուղթը դեռեւս այս տարվա հուլիսի 24-ին հրապարակել էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Երեկ հայտնի դարձավ «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի կազմը, որն առայժմ բաղկացած է 7 մարդուց` Նիկոլ Փաշինյան, Սասուն Միքայելյան, Արայիկ Հարությունյան, Ալեն Սիմոնյան, Արսեն Խառատյան, Մարինե Մանուչարյան եւ Լենա Նազարյան: Սակայն այս կազմը դեռ վերջնական չէ, եւ, Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ, կարող է համալրվել:
«Երդվում ենք, որ երբեք հուսախաբ չենք անի ժողովրդին»
Մեկնարկը, համենայնդեպս, խոստումնալից է, քանի որ հավաքվել են քաղաքական կեղտոտ անցյալ չունեցող մարդիկ: Արայիկ Հարությունյանը հայտնի արեւելագետ է, Արսեն Խառատյանը կոնֆլիկտաբան է, վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, որպեսզի «Քաղաքացիական պայմանագրին» մասնակցի: Նա հայտնի ազգագրագետ Հրանուշ Խառատյանի որդին է: Ալեն Սիմոնյանն «Արարատ մեդիա գրուպ»-ի գլխավոր խմբագիրն է, Մարինե Մանուչարյանը «Բանակն իրականում» խմբի անդամ է: Իսկ ակտիվիստ Լենա Նազարյանին հասարակության լայն շերտերն առավել լավ ճանաչեցին այն օրերին, երբ եվրոպական դիտորդների հետընտրական ասուլիսը նա տապալեց: Մի խոսքով, վերը թվարկվածները մշտապես եղել են քաղաքացիական պայքարի մեջ:
Իսկ երեկ հայտարարված համատեղ պայքարի նպատակները հստակ ձեւակերպված են հիմնարար փաստաթղթում: Սասուն Միքայելյանի բնորոշմամբ` այս քաղաքական միավորումը չի լինի մեկն այն ընդդիմադիր ուժերից, որոնք իրականում ոչինչ չեն անում: «Կարեւորը ժողովրդին հուսախաբ չանելն է: Ձեւավորելու ենք խորհուրդ, որը հավատ կներշնչի: Ես ուզում եմ այսօր երդում տալ, որ երբեք հուսախաբ չենք անի ժողովրդին ու ժողովրդին չենք թողնի փողոցում»,-ասաց Սասուն Միքայելյանը՝ նաեւ կոչ անելով իր մարտական ընկերներին համախմբվել, որպեսզի հաղթանակած ժողովուրդը երկրի կործանման պահին չպարտվի: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչպես է պատկերացնում այդ համախմբումը՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ ազատամարտիկները պառակտված են պայքարում, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Ազատամարտիկները պետք է գիտակցեն վտանգը եւ գիտակցելով համախմբվեն, այլապես Եռաբլուրը մեզ չի ների»: Նա հույս հայտնեց, որ մարտական ընկերներն իր խոսքը հաշվի կառնեն:
Կհրապարակվի նաեւ հոգաբարձուների խորհրդի կազմը
Նիկոլ Փաշինյանն իր հերթին կարեւորեց այն, որ քաղաքացիական միավորման յուրաքանչյուր մասնակից պետք է իմանա իր անելիքը, եւ հայտնեց, որ առաջիկայում կհրապարակվի նաեւ «Քաղաքացիական պայմանագրի» հոգաբարձուների խորհրդի կազմը, նաեւ կստեղծվեն գրասենյակներ:
«Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամները նշեցին, որ շեշտը պետք է դնել ներգաղթի վրա, եւ այդ խնդիրը լուծելու համար ջանքեր են գործադրվելու:
Համագործակցությունը պետք է տեսանելի լինի
«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե արդյոք մտավախություն չկա, որ նոր ուժին քաղաքական դաշտում սվիններով կդիմավորեն, եւ ինչպես են իրենք պատկերացնում համագործակցությունը քաղաքական այլ ուժերի հետ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այն, ինչ ունենք, ձեւակերպված է պայմանագրի մեջ, եթե մեկը գտնում է, որ կարիք կա սվիններով դիմավորելու, պետք է հիմնավորի: Իսկ համագործակցությունը պետք է հստակ ձեւակերպել. կարեւորը, որ այդ համագործակցությունը տեղի ունենա տեսանելի տեքստերի շուրջ»:
ՄՄ մտնելով` Հայաստանը չի կարողանա նաեւ զենք-զինամթերք գնել երրորդ երկրից
Անդրադարձ եղավ նաեւ Հայաստան-Մաքսային միություն համագործակցությանը: Կառավարման խորհրդի անդամների հիմնական մտահոգությունն այն է, որ այսօր Հայաստանի քաղաքացիներին չի ներկայացվել, թե ինչ է իրենից ներկայացնում համագործակցությունը ՄՄ-ի հետ: Սասուն Միքայելյանն իր կողմից զգուշացրեց, որ ՄՄ մտնելու դեպքում երրորդ երկրից ներկրում կատարելիս մաքսատուրքերը զգալիորեն կբարձրանան, ինչը կնշանակի, որ մենք այլեւս չենք կարողանա ազատ տնտեսական գործունեություն ծավալել, եւ կլինի որոշ ապրանքների գների շեշտակի աճ: Իսկ ամենավտանգավորը, ըստ Միքայելյանի, այստեղ այն է, որ Հայաստանը չի կարողանա նաեւ զենք-զինամթերք գնել երրորդ երկրից:
«Սա այն դեպքն էր, երբ մեկ անհատը որոշեց ըստ իր շահերի, իսկ ժողովուրդն արդյունքում խնդիրներ կունենա»,-եզրափակեց իր խոսքը Սասուն Միքայելյանը:
Փաշինյանը չի բացառում իր թեկնածությունը նախագահական ընտրություններին
Կառավարման խորհրդի անդամներն անդրադարձան նաեւ 2018-ի նախագահական ընտրություններին մասնակցելու հարցին` նշելով, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, օրինակ, «Նախախորհրդարան»-ից տարբերվում է հենց նրանով, որ մասնակցելու է ընտրություններին: Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ չի բացառում իր թեկնածությունը, սակայն չի բացառում նաեւ, որ կլինեն այլ թեկնածուներ նույնպես:
Բոլոր դեպքերում, իշխանության փոփոխություն երկրում պետք է լինի, եւ դա, ըստ Նիկոլ Փաշինյանի, ոչ թե իրենք պահանջելու են, այլ դրան հասնելու են, քանի որ այսօր ՀՀ զարգացման թիվ 1 խոչընդոտը Սերժ Սարգսյանն է իր թիմով: Այս խոսքերին դահլիճն արձագանքեց ծափողջույններով:
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ