ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԸ 113-ՐԴՆ Է

Հրապարակվել է 2013-ի Բարեգործության միջազգային աղյուսակը (World Giving Index 2013), որը կազմել է բրիտանական բարեգործական ընկերությունը: Աղյուսակում ընդգրկված է 135 երկիր: Այն կազմելիս դիտարկվել են բարեգործական գործունեության այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են բարեգործական կազմակերպություններին տրամադրվող դրամական միջոցները, երկրի քաղաքացիների ներգրավվածությունը բարեգործական գործունեության մեջ, ինչպես նաեւ քաղաքացիների կողմից իրականացվող նվիրատվությունների մակարդակը: Այս տարի Բարեգործության միջազգային աղյուսակը գլխավորում են ԱՄՆ-ն, Կանադան, Նոր Զելանդիան, Մյանմարը, Իռլանդիան: Հայաստանը 113-րդն է: Վրաստանը հայտնվել է 116-րդ, Ադրբեջանը՝ 69-րդ, Թուրքիան՝ 128-րդ տեղում: Ռուսաստանը 123-րդն է: Աղյուսակը եզրափակում է Հունաստանը:

 

 

ՕԴՆ ԱՂՏՈՏՎԱԾ Է

Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ օդի աղտոտվածությունը Հայաստանում անցնում է թույլատրելի սահմաններից: Այս տարվա հոկտեմբերին Երեւանի 7 դիտակայաններում ակտիվ նմուշառման եղանակով մթնոլորտային օդի փորձանմուշներում որոշվել են փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի եւ գետնամերձ օզոնի պարունակությունները: Ակտիվ նմուշառման միջոցով վերցվել է օդի 867 փորձանմուշ: Որոշված նյութերից փոշու միջին ամսական կոնցենտրացիան ՍԹԿ-ն (սահմանային թույլատրելի կոնցենտրացիան) գերազանցել է 1.2 անգամ:
Գյումրու մշտական դիտակայանում ակտիվ նմուշառման եղանակով փոշու պարունակության որոշման համար վերցվել է օդի 27 փորձանմուշ: Փոշու միջին ամսական կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերազանցել է 1.9 անգամ: Վանաձորում նույն եղանակով ստացված փորձանմուշներում ՍԹԿ-ն գերազանցել է 3 անգամ, Ալավերդիում՝ 2, Հրազդանում՝ 2.5, Արարատում՝ 1.5 անգամ:

 

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների՝ 2013թ. հունվար-հոկտեմբերին մարդասիրական օգնության կարգով ՀՀ է ներմուծվել 3 155.6 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 18.8 մլրդ դրամ կամ 45.9 մլն ԱՄՆ դոլար: ԱՎԾ ծառայության տվյալների համաձայն` ստացված օգնության 47.3%-ը կազմել է քիմիայի եւ դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների 22.3%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին: Շվեյցարիային բաժին է ընկել 16.1%-ը, Չինաստանին՝ 10.4%-ը, Գերմանիային՝ 13.4%-ը: Այսպիսով՝ 2013-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալները կրճատվել են շուրջ 12.9%-ով:

Ա. ՇԱԲՈՅԱՆ




Լրահոս