Մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Գառնու հեթանոսական տաճարի տարածքում` բաղնիքի դիմաց, բացօթյա սրճարան է կառուցվում, որի հիմքն արդեն գցված է:
Շինարարության թույլտվությունը, ըստ նույն հրապարակումների, տվել է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը: Իսկ Գառնու գյուղապետ Աշոտ Վարդանյանն էլ խոչընդոտել է շինարարական աշխատանքները՝ մերժելով ներկայացված գրավոր դիմումները:
Ինչպես տեղեկացանք «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մամուլի պատասխանատու Մարինե Ավանեսյանից, Գառնու տաճարին հարող տարածքում բացօթյա սեզոնային սրճարան տեղադրվելու նախագծի առաջարկը մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել եւ դրական եզրակացության է արժանացել դեռ 2009թ.:
Սրճարանը կգտնվի տաճարից շուրջ 90 մետր հեռավորության վրա: Տեղանքի ուսումնասիրման արդյունքում սրճարանի կազմակերպման համար ընտրվել է բարձունքի վրա գտնվող տարածք, որում առկա է շուրջ 70-90 սմ բարձրությամբ հենապատ: Այն կլինի մետաղական կանգնակների վրա` անջրաթափանց ծածկով: Սրճարանի տեղադրման ընթացքում լանդշաֆտի կամ ռելիեֆի փոփոխություն չի լինի։ Իսկ ամենակարեւորն այն է, որ հնագետներն ուսումնասիրել են տարածքն ու հաստատել, որ այդ մասում մշակութային շերտը բացակայում է։ Իսկ ստացված եկամուտները կուղղվեն տաճարի բաղնիքի խճանկարի վերականգնմանը, դեպի տաճար տանող բազալտե սալահատակի, հուշարձանի տարածքի բարեկարգմանը, հեթանոսական տաճարի բեկորների ցուցադրության կազմակերպմանը։ Եվ այդ ամենը, բնական է, կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։
ՊՈԱԿ-ի մամուլի պատասխանատուն հերքեց Գառնու գյուղապետ Աշոտ Վարդանյանի այն հայտարարությունը, թե ինքը գրավոր ու բանավոր մերժել է նախագիծը: Ըստ Մարինե Ավանեսյանի` նրա գրավոր պատասխանում «մերժել» բառը պարզապես չկա։
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ