Երբ 2006թ. Աջափնյակի թաղապետի ընտրություններում Գալուստ Սահակյանի որդուն` Արման Սահակյանին պաշտպանելու մասին լրագրողի հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասաց` «կուսակցությունը հո ոհմակ չէ», շատերը այդ համեմատությունը վատ ընդունեցին` նշելով, որ ՀՀԿ նախագահի կողմից իր իսկ ղեկավարած կուսակցությունը ոհմակի հետ համեմատելը, մեղմ ասած, կոռեկտ չէ: Սակայն ինչպես պարզվեց հետագայում, Սարգսյանի այդ արտահայտությունը ոչ թե կոռեկտ չէր, այլ պարզապես կապ չուներ իրականության հետ: Բանն այն է, որ կուսակցությունների ու ոհմակների վարքագծային տարբերությունների հարցում Սարգսյանը համեմատաբար անփորձ էր, քանի որ կոմկուսից հետո տեւական ժամանակ անկուսակցական էր եղել, եւ նշված զուգահեռն անցկացնելիս դեռ նոր-նոր էր ստանձնել ՀՀԿ առաջնորդի պաշտոնը: Սակայն ինչպես ցույց տվեցին հետագա տարիները, նա շատ արագ լրացրեց այդ բացը: Նախօրեին ՀՀԿ 13-րդ համագումարում ընդունված բանաձեւում կուսակցության մասին կա այսպիսի մի բնորոշում. «որպես ազգային պահպանողական գաղափարների շուրջ համախմբված գործնապաշտ անհատների թիմ…»: Ասել է թե` ոչ մի ոհմակ, ՀՀԿ-ն անհատների թիմ է, այնտեղ յուրաքանչյուրն ունի իր կարծիքը եւ ազատ է իր որոշումներում: Միայն թե, չգիտես ինչու, Սարգսյանի նախագահությունից հետո, եւ հատկապես վերջին ամիսներին, այդ «գործնապաշտ անհատներին» ամենաանշառ հարցն անգամ տալիս լսում ենք հետեւյալ պատասխանը. ինչպես կուսակցությունը որոշի: Օրինակ՝ Ռուբեն Հայրապետյանը, այդպես էլ չի կարողանում կողմնորոշվել իր «գործնապաշտ անհատականության» եւ կուսակցության «ոնց որոշիի» միջեւ: Կուսակցությունն էլ, թարսի պես, չի շտապում որոշել: Իսկ մեկ այլ ՀՀԿ-ական` նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, գերադասում է ձեւականությունների հետեւից չընկնել եւ անկեղծորեն ասել, որ իր առաջադրման հարցը պիտի որոշի անձամբ Սերժ Սարգսյանը: Իսկ օրինակ, «անհատների» թիմի կարկառուն անդամ Գալուստ Սահակյանը դեռ համագումարից առաջ հայտարարում է, որ. «ՀՀԿ համագումարը կուսակցության նախագահ կընտրի Սերժ Սարգսյանին», քանի որ «միակ թեկնածուն նա է»: Հետաքրքիր է, այդ դեպքում ինչու էր Ս. Սարգսյանը համագումարում հարցնում` այլ թեկնածուներ կա՞ն: Եթե դրանով փորձ էր արվում հարցի ֆորմալ կողմը ապահովել, այդ դեպքում Գ. Սահակյանի հայտարարությունների կարիքը չկար: Բայց դե, ինչ կարող էր անել ՀՀԿ ղեկավարը, հո չէր ճնշելու Գրիգորիչի կամ մյուսների «գործնապաշտ անհատականությունը», որը դրսեւորվում է բացառապես կուսակցության նախագահին քծնելու հարցում:
ՀՀԿ ընդունած բանաձեւում (որն, ի դեպ, լի է սխալներով), ի թիվս այլ վերամբարձ ու իրականությունից հեռու հայտարարությունների, կա նաեւ այսպիսի ձեւակերպում. «…մենք պետք է հաղթահարենք հնի բացասական իներցիան եւ մեր կյանքում արմատավորենք նոր դրական ավանդույթներ, 21 դարի հանրությանը բնորոշ ավանդույթներ»: Հավանաբար, կուսակցության ղեկավարի միաձայն վերընտրությունն այդ ուղղությամբ արված առաջին քայլն էր:
ՈՀՄԱԿ ՉԵ՞Ն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ