
Ամերիկացի բժիշկները ՄԻԱՎ են հայտնաբերել Միսիսիպի նահանգից երեքամյա աղջկա մոտ, ով մինչ այդ բուժված էր համարվում: Այդ մասին հայտնել են ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից:
Անցած տարվա մարտին երեխայի բուժմամբ զբաղվող բժիշկները հայտարարել էին, որ իրենց հաջողվել է հիվանդին լրիվ ապաքինել: Նրանց խոսքով, դա հնարավոր է դարձել աղջկա ծնվելուց անմիջապես հետո նրան երեք ուժեղ դեղամիջոցներ միաժամանակ տալու շնորհիվ:
Երբ երեխան 1,5 տարեկան էր, բուժումը դադարեցվել էր, քանի որ մայրը և աղջիկը անհայտ պատճառներով դադարել էին հիվանդանոց այցելել: Սակայն հինգ ամիս անց նրանք կրկին դիմել էին բժիշկների օգնությանը: Վերջիններս քննել էին աղջկան և նրա օրգանիզմում ՄԻԱՎ-ի հետքեր չէին հայտնաբերվել, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: