ԷՍ ԵՐԿՐԻ ԱՆՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի նախկին վարիչ, ԼՂ մարզկոմի կուսկազմակերպությունների բաժնի նախկին հրահանգիչ Սերժ Սարգսյանին հաջողվել էր ՀՀԿ համագումարում մանրակրկիտ կերպով վերականգնել խորհրդային հին ու բարի ժամանակների մթնոլորտը: Անձի պաշտամունքի հեղձուցիչ մթնոլորտ, գոհ ու երջանիկ դեմքեր, խանդավառ պիոներիկներ (բայց ՀՀԿ տարբերանշանով), հնգամյակը չորս տարում կատարելու մասին ավելի քան մեկ ժամ տեւողությամբ հաշվետվություն (ու ոչինչ, որ հնչած թվերը որեւէ կապ չունեն իրական կյանքի հետ):
Ինչեւէ, մարզահամերգային համալիրի մոտ աշխուժություն տիրում էր դեռ վաղ առավոտից: Ցուցադրական կեղծ ժպիտով բարեւելուց հետո ՀՀԿ-ի հակառակորդ «թեւերի» ներկայացուցիչները դեմքի այնպիսի արտահայտությամբ էին շրջվում ու հեռանում, որ անհնար էր չնկատելը: Այդպես իրար ողջունեցին նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ու ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը: Իսկ նախագահականի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը մուտքի մոտ հավաքվածներին բարեւելուց հետո դրսում գրեթե չկանգնեց, այլ միանգամից մտավ շենք: Փոխարենը Երեւանի նախկին ու ներկա քաղաքապետերը` Տարոն Մարգարյանն ու Գագիկ Բեգլարյանն էին իրար հետ զրուցում: Ընդ որում, նրանք իշխանական «էլիտայի»` վարչապետի, ԱԺ նախագահի, ՀՀԿ խմբակցության ղեկավարի, ՀՀԿ նախընտրական շտաբի պետի հետ միասին սպասեցին, մինչեւ Ս.Սարգսյանին դիմավորելը: Ու միասին էլ մտան դահլիճ:
Կոալիցիոն կուսակցությունները ներկա էին առաջին դեմքերի մակարդակով: Գագիկ Ծառուկյանից բացի, ԲՀԿ-ից ՀՀԿ համագումարին ներկա էին նաեւ չորս նախարարները, իսկ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը եկել էր Հեղինե Բիշարյանի հետ: Խորհրդարանական ընդդիմությունից հրավիրված էր միայն ՀՅԴ-ն. ու պատահական չէ, որ այս կուսակցությունից ներկա էր հենց ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը, որը, ինչպես վերջերս էր խոստովանել, պարբերաբար առանձին հանդիպումներ է ունենում Սերժ Սարգսյանի հետ: Բայց այդ կուսակցություններից որեւէ մեկը ՀՀԿ համագումարին ելույթ չունեցավ, փոխարենը նման «բախտ վիճակվեց» ՌԴ պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովին ու Եվրոպայի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչներին:
Ի դեպ, լրագրողներին այդպես էլ թույլ չտվեցին մտնել դահլիճ. նրանց համար առանձին սենյակ էին տրամադրել (հյուրասիրությունով), որտեղ «մոնիտորների» միջոցով էին հետեւում համագումարին: Հավանաբար այն պատճառով, որ տեսախցիկները չֆիքսեն Սերժ Սարգսյանի ելույթի տակ մուշ-մուշ քնած կամ ձանձրույթից հորանջող ՀՀԿ-ականներին: Իսկ այդպիսիք դահլիճում քիչ չէին: Փոխարենը լրագրողների աչքերից չվրիպեց մարզահամերգային համալիրի միջանցքում տիրող «աշխուժությունը»: Երիտասարդ աղջիկները զբաղված էին «Ֆեյսբուք»-ում կամ «Օդնոկլասնիկի»-ում» իրենց` տարբեր դիրքերով լուսանկարների շտեմարանի համալրմամբ: Իսկ ՀՀԿ զինանշանով փողկապավոր տղաներն այդ ընթացքում զբաղված էին ֆուրշեթի սեղանի նախապատրաստմամբ: Սերժ Սարգսյանի ելույթին հաջորդած ընդմիջումից հետո արդեն դահլիճը բավականաչափ դատարկվեց: Արդյունքում ՀՀԿ-ական պատասխանատուները երկար ժամանակ ստիպված էին կուսակիցներին դահլիճ հրավիրել: ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանն իրեն վստահված կուսակից ընկերուհիներին հավաքելով էր զբաղված, իսկ Ռուբեն Թադեւոսյանն էլ դահլիճ մտնել էր հորդորում անգամ անկուսակցական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին` Լֆիկին: «Ժողովուրդ»-ի դիտարկմանը, թե Ալեքսանյանն անկուսակցական է, Թադեւոսյանը փորձեց արդարանալ. «Ինքը հատուկ հրավիրված հյուրերից է»:
ՀՀԿ համագումարում այդպես էլ անդրադարձ չեղավ ո՛չ համամասնական ցուցակին, ո՛չ էլ մեծամասնական ընտրակարգով թեկնածուների առաջադրմանը: Փոխարենը Սերժ Սարգսյանի ելույթում անհասցե քննադատություն հնչեց նրանց հասցեին, որոնք ՀՀԿ-ին «պախարակելը դարձրել են իրենց իբր թե բարձրաշխարհիկ զրույցների, քննարկումների եւ գրվածքների հիմնական թեման»: Ս.Սարգսյանը նաեւ ասաց, որ իրենց թույլ տված սխալները շատ ավելի մեծ արժեք են ներկայացնում, «քան ոչինչ չանողների դատարկ ու ամուլ` թվացյալ ճիշտ ելույթները»: Հետո հաջորդեց բարոյախրատական մի ճառ` «էս երկիրը երկիր է» թեմայով. անտեղյակների համար նշենք, որ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձնավորության հիշատակած «էս երկիրը» Հայաստանի Հանրապետությունն է: Բայց ելույթի հիմնական մեխն իշխանությունների գրանցած «հաջողությունների» թվարկումն էր` ոչ միայն արտաքին քաղաքականության, այլեւ սոցիալ-տնտեսական ոլորտում: Միայն թե ՀՀ քաղաքացիները չեն զգում կյանքի որակի բարձրացման, տնտեսական աճի, աշխատավարձերի բարձրացման մասին պնդումները, իսկ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ հենց հաջորդ օրը ծավալուն վերլուծությամբ հերքեց Ս.Սարգսյանի պնդումները (տե՛ս էջ 2):
Ի դեպ, ՀՀԿ համագումարում որոշակի կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել. Գալուստ Սահակյանից ու Ռազմիկ Զոհրաբյանից բացի, ՀՀԿ փոխնախագահ են դարձել Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանն ու Արմեն Աշոտյանը: Ընդլայնվել է նաեւ ՀՀԿ ԳՄ կազմը` դառնալով 19 հոգի: ԳՄ կազմում են մնացել Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, Գագիկ Բեգլարյանը, Հրանուշ Հակոբյանը, Գագիկ Մինասյանը, Դավիթ Հարությունյանը: ԳՄ անդամ են դարձել նաեւ Արմեն Աշոտյանը, Հովիկ Աբրահամյանը, Կարեն Ավագյանը, Հերմինե Նաղդալյանը, Տարոն Մարգարյանը, Սամվել Նիկոյանը, Էդուարդ Շարմազանովը, Գալուստ Սահակյանն ու Տիգրան Սարգսյանը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս