Հուլիսի 10-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանի գլխավորած պատվիրակությանը:
ԱԻՆ խորհրդակցությունների դահլիճում նախարար Երիցյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, կարևորեց երկու կառույցների միջև համագործակցությունը. «Աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներում մենք կարևորում ենք ուսանողների ներգրավվածությունը: Վստահ եմ` միասին մենք շատ անելիքներ ունենք»:
Հանդիպման ընթացքում ԱԻ նախարարության և Պետական կառավարման ակադեմիայի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որով կողմերը պարտավորվեցին պարբերաբար միմյանց տեղեկացնել և համատեղ քննարկել փոխգործակցության և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերը, իրականացնել կրթության որակի բարձրացմանն ուղղված համատեղ միջոցառումներ, կազմակերպել երկու կողմերի փորձագետների և պաշտոնյաների մասնակցությամբ խորհրդակցություններ, հանդիպումներ, գիտաժողովներ, կլոր սեղաններ և այլն:
Կառավարման ակադեմիայի ռեկտոր Ա. Լոքյանը նույնպես կարևորեց համագործակցությունը. «Սա երկուստեք փոխշահավետ պայմանագիր է: Մենք ստեղծում ենք բոլոր նախադրյալները մեր ուսանողներին գործնական աշխատանքներում ներգրավելու համար»:
Հանդիպման ավարտին պետական կառավարման ակադեմիայի ներկայացուցիչներն ԱԻ նախարարի ուղեկցությամբ շրջեցին նախարարությունում, եղան աշխատասենյակներում, Ճգնաժամային կառավարման կենտրոնում` ծանոթանալով դրա տեխնիկական հնարավորություններին ու աշխատանքային պայմաններին: