ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր՝ հուլիսի 11-ին, հրապարակել է սպանության փորձի գործով դատավճիռը, ըստ որի՝ ամբաստանյալներ Վահե Ավետյանն ազատազրկվել է 11 տարի ժամկետով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, ապօրինի կերպով պայթուցիկ սարք պատրաստելու, ապօրինի կերպով պայթուցիկ սարքը պահելու եւ փոխադրելու, ապօրինաբար դիտավորությամբ Վիտալի Բալասանյանին կյանքից զրկելու հանցափորձի, ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք պահելու համար, հաղորդում է Karabakh-open.info-ն:
Իսկ ամբաստանյալ Սերգեյ Հարությունյանն ազատազրկվել է 9 տարի ժամկետով՝ ռազմամթերք ձեռք բերելու, իրացնելու, ապօրինի կերպով պայթուցիկ սարքի պատրաստմանն օժանդակելու, ապօրինաբար դիտավորությամբ Վիտալի Բալասանյանին կյանքից զրկելու հանցափորձին օժանդակելու, ապօրինի կերպով ռազմամթերք պահելու համար։
Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերին 29-ին Վ. Բալասանյանի հանդեպ կատարվել է մահափորձ: Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն մեղադրանք է առաջադրվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Արա Ավետյանին եւ Սերգեյ Միքայելյանին: Սույն թվականի մայիսի 5-ին մեղադրական եզրակացությունը ուղարկվել էր ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Դատավարությունը սկսվել է մայիսի 26-ին: