«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ոստիկանությունում կա՛մ չեն աշխատում, կա՛մ աշխատում են` կախված տրամադրությունից: Հաճախ լինում են դեպքեր, որոնք չեն գրանցվում: Ոստիկանները մարդկանց խնդրում-հորդորում-ստիպում են հաղորդում չտալ հանցագործության մասին` խոստանալով բացահայտել գործը ու նոր կանչել տուժողներին` հաղորդում տալու:
Դեռեւս 2011 թվականի դեկտեմբերի վերջերին Վարդենիսի բնակիչ Գարիկ Սարգսյանի նորակառույց բնակարանից գողացել են ժողովրդի լեզվով ասած «եվրո» դռներ: «Ժողովուրդ»-ը զրուցեց Գարիկի մոր` տիկին Լիդայի հետ. «Իմ տղան մեզանից առանձին ա ապրում, իրա նոր կառուցվող տնից են դռները գողացել: Ոստիկանություն էլ են գնացել դիմել, ասել են, որ տենց բան ա եղել, ինչքան գիտեմ, ասել են` ման կգանք, կգտնենք»:
Զրուցեցինք նաեւ Գարիկի կնոջ` Լիլիթ Հակոբյանի հետ: Վերջինիս ասաց, որ իրենք շատ դժգոհ են ոստիկանության աշխատակիցներից: «Մենք կասկածում ենք, որ պատուհանից են մտել տարել, որովհետեւ բաց ա եղել, ինքն էլ երկուհարկանի սեփական տուն ա, շատ հեշտ ա մտնել ներս: Եվրո դռներ են գողացել` մեծփեղկանի, մեկ էլ բաղնիքի դուռն են հանել-տարել, ընդհանուր հաշվով 4 դուռ: Մենք անմիջապես ոստիկանություն ենք դիմել, սակայն այնտեղից ոչ մի բան չեն ասել, ոչ մատնահետքեր են վերցրել, ոչ մի բան… ճիշտն ասած, շատ դժգոհություն ենք հայտնում, որովհետեւ ինչպես հարկն ա, իրանք չեն հետաքննել: Ասեմ, որ արդեն քանի ամիս ա անցել դեպքից` դեկտեմբերի 27-28-ին ա տեղի ունեցել, մենք անընդհատ ոստիկանությանն ասում ենք, բայց ոչ մի բան չեն անում»,-պատմեց Լիլիթը: Ըստ մեր զրուցակցի` ինչ-որ մեկն իմացել է, որ իր ամուսինը տանը չէ, եւ օգտվելով առիթից` մտել ու գողացել է դռները:
Հաջորդ գողության զոհը կրկին Վարդենիսի բնակիչ Կամո Նունեյանն է. վերջինիս մեքենայի վրայից գողացել են գազի բալոնները: Պարզեցինք, ու Նունեյանը Գարիկ Սարգսյանի բարեկամն է: Գարիկ Սարգսյանի մայրը` տիկին Լիդան, մեզ հետ զրույցում նշեց, որ Նունեյանն իսկապես իրենց բարեկամն է, եւ հաստատեց մեր տեղեկությունը` հավելելով, որ բացի գազի բալոններից, այլ բաներ էլ են գողացել, բայց ինքը մանրամասն տեղյակ չէ: Փորձեցինք զրուցել Կամո Նունեյանի հետ, սակայն վերջինս չցանկացավ այդ մասին խոսել` նշելով, որ նման բան չի եղել: «Իմ մեքենայի վրայա գազի բալոնները, էդ ի՞նչ գողություն ա, որ ես տեղյակ չեմ, ոստիկանության հետ ես ի՞նչ կապ ունեմ»,-ասաց Նունեյանը, ով խուսափում էր ոստիկանների մասին որեւէ բան ասել:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Վարդենիսի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արտակ Ավետիսյանի հետ, որը բացառեց, թե նման դեպք է եղել, եւ իրենք գործին ընթացք չեն տվել: «Դա աբսուրդ ա, մի րոպե իմ մոտ նշեմ, հա՞, Դուք հետաքրքիր բաներ եք նշում, որից ես տեղյակ չեմ, հիմա, փաստորեն, Դուք հայտարարություն եք անում, որ էդպիսի բան ա եղե՞լ, Դուք կարո՞ղ եք այցելել մեր մոտ, որովհետեւ էնպիսի բան եք ասում, որ պիտի ընթացք տանք, Ձեզանից պիտի բացատրություն վերցվի»,-ասաց Ավետիսյանը:
«Ես էդ ուղղությամբ կաշխատեմ, եթե գողություն ա եղել, համապատասխան ընթացք կտանք, հետո Ձեզ հետ կկապվեմ»,-վստահեցրեց քրեականի պետը:
Ըստ մեր աղբյուրների` Վարդենիսում նման դեպքեր շատ են լինում, սակայն ոստիկանությունը, օգտվելով առիթից, որ քաղաքում բոլորն իրար ճանաչում են, ժողովրդին համոզում է քաշքշուկից խուսափելու համար հայտարարություն չտալ` վստահեցնելով, թե իրենք ամեն ինչ անելու են գործը բացահայտելու համար. «Գնացե՛ք, ոչ մի բան էլ մի՛ գրեք, մենք ամեն ինչ կանենք, կբացահայտենք, թե ինչ է եղել, ձեզ կկանչենք»: Սակայն ամիսներ են անցնում, իսկ այդ բացահայտումները տեղի չեն ունենում: Գործերը չբացված «քնում են»` տեղը զիջելով «մանր չղջիկների» գործերին:
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ