Վաղը Երեւանում կայանալիք ՍԾՏՀ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հավաքին, ինչպես հայտնի է, մասնակցելու է նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Հայաստանի հետ սահմանը բացելու «սյուրպրիզի», նոյեմբերի 22-ին Էրդողան-Պուտին հանդիպման, ապա դրան հետեւած հայտարարությունների ֆոնին այս այցելությունը բավականին ուշագրավ է, թեկուզ հենց այնքանով, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի մակարդակով սա առաջին այցն է վերջին 4 տարվա ընթացքում:
Հայաստանի փորձագիտական եւ քաղաքական շրջանակներում գերիշխող է այն տեսակետը, որ Դավութօղլուի այցի նպատակն ընդամենը Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին շոու սարքելն է: Ու թեեւ մինչեւ երեկ պարզ չէր՝ արդյոք լինելու է Նալբանդյան-Դավութօղլու հանդիպում, առաջարկություններ էին հնչում այդ հանդիպումն ամբողջովին ուղիղ եթերով հեռարձակելու շուրջ, որպեսզի այդպիսով, իբր, զերծ մնանք թուրքական կողմի հետագա շահարկումներից: Բացի այդ` ողջ քաղաքական դաշտը, այդ թվում եւ` ՀՅԴ եւ ՀԱԿ ներկայացուցիչները, պնդում էին, թե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ այս պահին որեւէ գործընթաց չկա, ասել է թե` Դավութօղլուի այցից պետք չէ սպասելիքներ ունենալ:
Երեկ, սակայն, հայկական մամուլում արվեց բավականին հետաքրքիր տեղեկատվական արտահոսք, որը փաստում է հայ-թուրքական գաղտնի բանակցությունների հերթական փուլի մասին: Ավելին, ըստ «Առավոտ»-ի տեղեկատվության՝ Հայաստանը մշակել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր ճանապարհային քարտեզ, որը փակ խողովակներով շուրջ 10 օր առաջ փոխանցվել է անձամբ Դավութօղլուին:
Ըստ այդմ՝ հայկական կողմի ներկայացրած ճանապարհային քարտեզը ներառում է երեք սկզբունքային կետ.
1. Թուրքիան հրապարակավ ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը, իր պատասխանատվությունը եւ ապաշխարում աշխարհասփյուռ հայության առջեւ:
2. Անհապաղ բացում է Հայաստան-Թուրքիա սահմանը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատում Հայաստանի հետ:
3. Դրանից հետո ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցում Թուրքիան կարողանում է հանդես գալ խաղաղարար ջանքերով եւ իրավունք է ստանում հասարակական ծրագրեր իրականացնել պատերազմի հռետորության վերահսկման, սահմանային միջադեպերի կանխման, դիպուկահարների հետքաշման եւ հասարակությունների խաղաղության պատրաստման ոլորտներում:
Ըստ աղբյուրի` ենթադրվում է, որ Դավութօղլուն Երեւանում կհայտնի թուրքական կողմի դիրքորոշումը ներկայացված քարտեզի շուրջ: Թե որքանով է այս արտահոսքը համապատասխանում իրականությանը, դժվար է ասել, սակայն ԱԳՆ լռությունը բավականին խոսուն է: Համենայնդեպս, երեկ՝ մինչեւ ուշ գիշեր, պաշտոնական հերքում չեղավ: