ՆԱԽԿԻՆ ԿՆՈՋ ԵՂԲՈՐՆ Է ՍՊԱՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 9-ին դաժան սպանություն է տեղի ունեցել Ներքին Չարբախում: 51-ամյա մի տղամարդ իրեն պատկանող հրացանով սպանել է 31-ամյա երիտասարդի, որը, պարզվում է, նրա նախկին կնոջ եղբայրն է եղել: Մարդասպանը նույն օրն ինքնակամ ոստիկանություն է գնացել եւ խոստովանել հանցանքը: Սպանված  31-ամյա երիտասարդի հետ 24-ամյա մի տղա է եղել, որը եւս տուժել է եւ այժմ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ոստիկանությունը «Էրեբունի» բժշկական կենտրոնից է ահազանգ ստացել այն մասին, որ իրենց մոտ երկու երիտասարդ են տեղափոխվել, որոնցից մեկն արդեն մահացած է եղել: Մեր տեղեկություններով`  31-ամյա Վարդան Վարդանյանն ու 24-ամյա Դավիթ Բաղդասարյանը գնացել են Ներքին Չարբախի 1-ին փողոցից դեպի Արարատի մարզի Նորաբաց գյուղ տանող ճանապարհին գտնվող խորտկարաններից մեկում ճաշելու: Երբ նրանք ցանկացել են դուրս գալ խորտկարանից,  հանկարծ կրակոցներ են հնչել:
Ըստ մեր տեղեկությունների` կրակող 51-ամյա Յուրիկ Թադեւոսյանը Վարդան Վարդանյանի քրոջ նախկին ամուսինն է, իսկ տուժած 24-ամյա Դավիթ Բաղդասարյանը Վարդանի կնոջ եղբայրն է: Ականատեսների պատմելով` 51-ամյա տղամարդը երկար ժամանակ  խորտկարանի մոտ է եղել` հավանաբար սպասելով, թե երբ են երիտասարդները դուրս գալու այնտեղից: Դեպքի ժամանակ շատ քիչ մարդիկ են եղել տարածքում եւ անգամ չեն կարողացել հասկանալ, թե ինչպես է Յուրիկ Թադեւոսյանը հայտնվել այդտեղ եւ սկսել կրակել:
Համաձայն մեր տեղեկությունների` Վարդանը եւ Յուրիկը երկար ժամանակ է, ինչ վատ հարաբերությունների մեջ են, իսկ վերջերս էլ կենցաղային խնդիրների պատճառով են վիճաբանել: Մեր աղբյուրները պնդում են, որ 51-ամյա տղամարդը այս կերպ վրեժխնդիր է եղել իր նախկին կնոջ եղբորից:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից տեղեկացանք, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի կրակված 7 պարկուճ: Տեղեկացանք նաեւ, որ նույն օրը` ժամը 22:20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել Յուրիկ Թադեւոսյանը եւ խոստովանել, որ ժամը 22:10-ի սահմաններում Ներքին Չարբախ թաղամասում գործող խորտկարաններից մեկում իրեն պատկանող որսորդական հրացանից կրակել է իր աներորդի Վարդան Վարդանյանի եւ Դավիթ Բաղդասարյանի ուղղությամբ, որից հետո խորտկարանի դիմաց կայանված, Վարդան Վարդանյանին պատկանող  «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հեռանալով դեպքի վայրից` ներկայացել է Մալաթիայի բաժին: Յուրիկ Թադեւոսյանը ներկայացրել է իր անվամբ հաշվառված «Բայկալ» տիպի որսորդական հրացանը` առանց փամփուշտների: Հրացանն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:
 «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ 24-ամյա Դավիթ Բաղդասարյանն այս օրերին գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, իսկ երեկ նրան արդեն տեղափոխել են հիվանդասենյակ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս