Նախօրեին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ներկայացրած 77 էջանոց զեկույցը դատական համակարգի վերաբերյալ, բնականաբար, մեծ աղմուկ է բարձրացրել: Քաղաքական շրջանակներում երեկ խոսվում էր այն մասին, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Սուրիկ Ղազարյանը, որը պաշտոնանկությունից հետո ԱՄՆ է մեկնել, այնտեղ հատուկ ծառայություններին հստակ տեղեկություններ է տրամադրել, թե ինչ վիճակում է գտնվում ՀՀ դատական համակարգը: Այս լուրը դիվանագիտական խողովակներով հասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, որն իրավիճակից դուրս գալու ելքը տեսել է օմբուդսմենի սուր զեկույցի մեջ: Սակայն ՄԻՊ մամլո խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը «Ժողովուրդ»-ին հավաստիացրեց, թե իրականում նման բան չկա, ավելին՝ պաշտպանը վաղուց է՝ ինչ խոսում է դատական համակարգի անկատարության մասին:
«Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրների վկայությամբ՝ առաջիկայում մի շարք պետական գերատեսչություններում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ. ստեղծվելու են Մաքսային միության հետ համագործակցության առանձին ստորաբաժանումներ: Հիշեցնենք, որ երբ Սերժ Սարգսյանն ընթանում էր եվրաինտեգրացիայի ուղով, մի շարք պետական գերատեսչություններում ստեղծվեցին Եվրոպայի կամ ԵՄ-ի հետ համագործակցության առանձին վարչություններ: Այդ գերատեսչություններից մեկն էլ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, որտեղ կա «միջազգային տնտեսական համագործակցության» եւ առանձին «ԵՄ-ի հետ համագործակցության» վարչություն: Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Խեչոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Մեր գերակայություններից ելնելով՝ հնարավոր է, այո՛, նախարարությունը որոշ կառուցվածքային փոփոխությունների ենթարկվի: Բայց դա չի նշանակում, որ դադարեցրել ենք ԵՄ-ի հետ համագործակցությունը, որովհետեւ ԵՄ-ի հետ միասին մի շարք ծրագրեր ենք իրականացնում»:
«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի անունը վերստին շոշափվում է քրեական իրադարձությունների համատեքստում: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ բանկի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանին օրերս ձերբակալել են: Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանի եղբայրը` Հակոբ Հովսեփյանը, սկսել է բանկի գնման գործընթացը: Նա նախեւառաջ աուդիտորական կազմակերպության միջոցով փորձել է պարզել, թե ինչ իրավիճակ է բանկում: Աուդիտորները պարզել են, որ «Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախագահ Արա Կիրակոսյանը 100-ավոր միլիոնի հասնող ֆինանսական կորուստներ է տվել, ավելին՝ եղել են աշխատակիցներ, որոնք ինչ-ինչ մարդկանց առանց գրավի վարկեր են տրամադրել եւ այլն: Արդյունքում՝ վաճառքի գործարքը չի կայացել: «Հայբիզնեսբանկ»-ից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ բանկի խորհրդի նախագահը փոխվել է, բանկը նորմալ աշխատում է, եւ որեւէ խնդիր չկա:
Արդեն երեք օր է, ինչ Երեւանի ոսկու շուկայում ստուգումներ են անցկացվում: Այս անգամ պատճառը ոսկու հալման համար օգտագործվող գազի եւ ջրածնի «բալոններն են», որոնցով նման շենքային պայմաններում աշխատելն անօրինական է: Երեկ պարզ դարձավ, որ ստուգումների պատճառով շուկայի արհեստանոցները փակված են, ոսկերիչները չեն աշխատում: «Ժողովուրդ»-ի այցելության պահին ոսկերիչների մեծ մասը թղթախաղով էր զբաղված: Մեզ հետ զրույցում նրանցից մեկը զայրացած ու հուսահատված հայտարարեց, թե գնալու է ու ինքնասպանություն է գործելու, որովհետեւ տանը սոված երեխաներ ունի, ու Նոր տարվա շեմին քաղցած են մնալու: Ոսկերիչների խոսքով՝ ստուգումները գրեթե 10 օր են տեւելու: Այսինքն` 10 օր նրանք չեն աշխատելու, մատնվելու են հարկադիր պարապուրդի: Իսկ շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը ոչինչ չի ձեռնարկում ոսկերիչներին օգնելու համար, հակառակը, առիթից օգտվելով՝ 30-40 հազար դրամի չափով թանկացրել է տաղավարների վարձերը: