Երեկ Ազգային ժողովում բոլոր պատգամավորները դահլիճից դուրս էին գալիս մի խուրձ փաստաթղթերով: Բանն այն է, որ ԱԺ արտահերթ նիստում ՀՀ կառավարությունը պետք է ներկայացնի 2014թ. բյուջեն: Բաժանված ամփոփաթերթիկներից հայրենի օրենսդիրները պարզել էին, որ իրենց գրեթե բոլոր առաջարկությունները կառավարությունը տարբեր պատճառաբանություններով մերժել է: Ընդ որում, մերժվածների ցուցակում էին նաեւ ՀՀԿ-ականները, որոնք եւս վրդովված էին այդ իրողությունից: «Ժողովուրդ»-ը զրուցեց մերժվածներից մի քանիսի հետ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
-Պարո՛ն Մելքումյան, 2014թ. բյուջեի նախագծի հետ կապված ԲՀԿ խմբակցության ներկայացրած առաջարկությունները ՀՀ կառավարությունը մերժել է: Ինչո՞ւ:
-Պատճառաբանությունը չեմ կարող ասել… մեկն ընդունվել է` ՄԻՊ արագ արձագանքման այդ խմբի հետ կապված, իսկ մնացածը… օրինակ՝ ես առաջարկել եմ գյուղատնտեսության վարկերի սուբսիդավորման ավելացում, հետո մենք ունենք խնայբանկի ավանդների, զինծառայողների թոշակների հետ կապված առաջարկներ, դրանք բոլորը տարբեր պատճառաբանություններով մերժվել են` ասելով, թե իրենք այս ու այն կերպ անում են: Պետք է ասեմ, որ առանձնապես սպասելիքներ էլ չունեինք, այնպես որ, մենք բյուջեն քննադատում ենք, մեր դիրքորոշումը հայտնի է:
-Իսկ ԲՀԿ խմբակցությունում այս մերժումների հետ կապված միտում տեսնո՞ւմ են:
-Չէ՛, որ նայել եմ, բոլորինն էլ մերժվել է, ՀՀԿ-ականներից էլ շատերը կան, որ մերժվել են:
-Գուցե կառավարությունն արհամարհո՞ւմ է օրենսդիրների կարծիքը:
-Ազգային ժողովն իշխանության թեւ է, արհամարհանք չասենք, ուղղակի իրենց գիծը հստակ առաջ են տանում, մենք էլ մեր մոտեցումներն ունենք որպես կուսակցություն:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ (թիվ 24 ընտրատարածք)
-Պարո՛ն Հակոբյան, փաստորեն, կառավարությունը մերժել է 2014թ. բյուջեի հետ կապված Ձեր առաջարկությունները: Մերժման պատճառաբանությունը Ձեզ բավարարո՞ւմ է:
-Մի քանի բան էլ չեն մերժել: Ուրեմն մի բան նշեմ. չկա երկրորդական խնդիր, բոլորն առաջնային խնդիրներ են: Արել եմ մի առաջարկ, ընդունվել է, արել եմ մի առաջարկ, չի ընդունվել, մի հատ արել եմ, կքննարկվի, այդպես է: Ի՞նչ եք ուզում, ուզում եք, որ բոլորն էլ ընդունե՞ն:
-Ձեր ներկայացրած առաջարկությունները հասարակության համար ավելի…
-Երբ որ խնդիրը վերաբերվում է անհատին, քաղաքացուն, բոլոր խնդիրներն էլ շտապ լուծումներ են պահանջում: Եթե խոսում ենք սոցիալական խնդիրների մասին, բոլորն էլ շտապ լուծում են պահանջում:
-Հաշվի առնելով Ձեր առաջարկությունները մերժելու հանգամանքը, հնարավո՞ր է՝ դեմ քվեարկեք 2014թ. բյուջեին եւ քննադատեք կառավարությանը:
-Դեռ չի եկել արտահայտվելու ժամանակը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ
-Պարո՛ն Սահակյան, ՀՀ կառավարությունը Ձեր եւ Ձեր խմբակցության ներկայացրած գրեթե բոլոր առաջարկները մերժել է: Պատճառաբանությունները Ձեզ համար հասկանալի՞ են:
-Ինչ հնարավոր է, արվել է: Սովորաբար բյուջեն, երբ առաջարկ են ներկայացնում, պարզ է, պետք է առաջարկեն, բայց այդ առաջարկը, որ ներկայացվում է, որտեղի՞ց պետք է կտրեն, որպեսզի դա անեն: Ընդհանուր առմամբ, բոլոր առաջարկությունները, որոնք ներկայացվել են, կարծում եմ՝ մոտ 20 միլիարդ դրամի են: Բնական է, բյուջեն այդ հնարավորությունը չէր ունենա: Կառավարությունը 31 առաջարկությունն ամբողջությամբ է ընդունել, կարծեմ 87 առաջարկն էլ մերժել է, մնացածը կոնկրետ ժամկետավորել է:
-Այնպիսի տպավորություն է, թե կառավարությունը պատգամավորներին փորձել է «հասկացնել», որ ինքն ավելի լավ գիտի, թե որ խնդիրներն են առաջնային ու կարեւոր:
-Կառավարության ծրագիրն ու ՀՀԿ-ի, նախագահի ծրագիրը միեւնույնն են: Դա ամփոփ մի թիմ է, հիմա եթե քննարկում ենք, հավանություն ենք տալիս, նաեւ քննարկում ենք, թե այդ գումարները որտեղից պետք է լինեն: Դրանից ծնվում է բյուջեն:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՄՆԱՑԱԿԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
-Պարո՛ն Մնացականյան, կառավարությունը Ձեր առաջարկը եւս մերժել է, ինչո՞ւ:
-Դե կառավարությունը պատասխանել է, որ բյուջեի մուտքերին համահունչ չէ: Գիտեք ի՞նչ, ես այսպես եմ հասկանում, որ բոլոր առաջարկությունները երեւի ընդունել չէր կարող, ուղղակի իմ առաջարկությունը վերաբերում էր մի ճանապարհի, որի մի մասն արդեն սարքված է, ու ես շարունակության հարցն էի բարձրաձայնել: Գումարը բավականին մեծ էր: Ես չեմ կարծում, որ հնարավորության դեպքում կառավարությունը կմերժեր, ուղղակի բնական է, բոլորիս ցանկությունն ավելի շատ է, բայց այսօր մեր բյուջեն չի բավարարում, որ մեր ցանկությունները կատարվեն:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ