ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԴԻՄԵՆ ՍԴ

ԱԺ 4 ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականությունը վիճարկելու համար պատրաստվում են դիմել ՍԴ: Նրանք պահանջելու են չեղյալ համարել կուտակային բաղադրիչի պարտադիր կիրառումը: Երեկվա դրությամբ անհրաժեշտ 27-ի փոխարեն հավաքվել էր 32 ստորագրություն, իսկ մի շարք ընդդիմադիր պատգամավորներ էլ երեկվա դրությամբ դեռ չէին հասցրել ստորագրել, ինչը կանեն այսօր: Չնայած, անկախ այդ ամենից, 32 ստորագրությունն էլ բավարար է դիմումը ՍԴ ներկայացնելու համար: Այն կներկայացվի դեկտեմբերի 17-ին:

 

 

ՈՃԸ ՉԻ ՓՈԽՈՒՄ

ilur.am-ի փոխանցմամբ` երեկ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայհոյանքներով ներխուժել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն: Ենթադրաբար, Նեմեց Ռուբոյի զայրույթի պատճառը նախարարության կայացրած այն որոշումն է, որ լավագույն տասը մարզիկների թվում ֆուտբոլիստներ չպետք է լինեն: Աղբյուրը չի բացառում նաեւ, որ Հայրապետյանը նախարարություն է ներխուժել բոլորովին այլ պատճառով: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ Յուրի Վարդանյանի տանիքը վերջին շրջանում դարձել է հենց Ռուբեն Հայրապետյանը:

 

 

ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

Վերակազմավորված ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը երեկ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ մյուսներին՝ «Քաղաքացիական պայմանագրի» ձեւավորման համար: Նա չի բացառել նորաստեղծ ուժի հետ համագործակցությունը` նշելով, որ իրենք դրա փայլուն օրինակ ունեն անցյալում, եւ կարծում է, որ առանձին հարցերի շուրջ ներկայումս եւս համագործակցություն հնարավոր է. «Չեմ կարծում, որ որեւէ խոչընդոտ կա»:

 

 

ԱՐԱՐԱՏՑԻՆԵՐՈՎ

Երեկ՝ ԱԺ նիստի ավարտին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը մի քանի րոպե զրուցել են միջանցքում: Սակայն թե ինչի շուրջ, ո՛չ Հ. Աբրահամյանը, ո՛չ էլ Գ. Ջհանգիրյանը չեն ցանկացել հայտնել լրագրողներին: «Մի երկու օրից Ձեզ կհրավիրեմ, հարցերին կպատասխանեմ»,-ասել է ԱԺ նախագահը, իսկ Գ. Ջհանգիրյանն էլ պարզապես ասել է. «Գաղտնիք է»: Հիշեցնենք, որ այս երկու գործիչները համերկրացիներ են. երկուսն էլ Արարատի մարզից են:

 

 

ԶՈՒԳԱՐԱՆԻ ԹՈՒՂԹ` Մ. ԲԱԴԵՅԱՆԻՆ

«Սինջար» եզդիական միավորման ներկայացուցիչները երեկ Ազգային ժողովի դարպասների մոտ են հավաքվել` բոլոր եզդիների անունից ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանին փոխանցելու համար ավանակի նկար եւ զուգարանի թուղթ: «Զուգարանի թուղթը բերել ենք, քանի որ ինքը չունի բերան, իրանն այլ օրգանա… Բերել ենք, որ ձայներ հանելուց հետո մաքրի, քաղաքակիրթ աշխարհում օգտագործում են էս»,-ասել է եզդիների միավորման նախագահ Բորիս Թամոյանը: Եզդի երիտասարդների վրդովմունքի եւ նման ակցիայի պատճառը եղել է դրանից մի քանի ժամ առաջ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի արած ռասիստական հայտարարությունը: Երբ լրագրողները ՀՀԿ-ական պատգամավորին հարցրել են, թե ինչու է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը հեռարձակվում օրենքի խախտմամբ` ռուսերենով, Բադեյանն ասել է. «Արա՛, իսկականից էդքան անմակարդա՞կ եք, որ տենց եք մտածում: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից տենց եք մտածո՞ւմ»:




Լրահոս