ՊԱՐՏԱԴՐԱԲԱՐ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ՝ ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ԱՊՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիշո՞ւմ եք վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտնի թեզերը. «Հայաստանում մարդիկ աղքատ են, որովհետեւ կրթություն չունեն», «Հայաստանում մարդիկ գործազուրկ են, որովհետեւ կրթություն չունեն»:

Քանի որ այսօր Հայաստանում քաղաքացիների զգալի մասը կա՛մ աղքատ է (պաշտոնական տվյալներով՝ մոտ 32 տոկոսը), կա՛մ էլ գործազուրկ, վարչապետի տրամաբանությամբ ստացվում է, որ նրանք չունեն կրթություն ու համապատասխան գիտելիքներ: Ու քանի որ ՀՀ քաղաքացիների զգալի մասը չունի կրթություն, Տ. Սարգսյանի կառավարությունը որոշել է ինքը տնօրինել այդ մարդկանց ճակատագիրը: Եվ այդ նպատակով իր իսկ նախաձեռնած ԱԺ արտահերթ նստաշրջանին ներկայացրել են մի շարք նախագծեր: Օրինակ՝ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում կառավարությունն առաջարկել է հետեւյալ փոփոխությունը. 2014թ. հունվարի 1-ից 3-րդ եւ ավելի երեխայի ծննդյան համար նախատեսված 1 եւ 1,5 մլն դրամը ծնողներին չի տրվելու կանխիկ: Կառավարությունն առաջարկում է կանխիկ տրամադրել 500 հազար դրամը, իսկ մյուս գումարը դարձնել ընտանեկան դրամագլուխ ու ծախսել հետո, այն էլ 3 նպատակով՝ երեխայի ուսման վճարի, բնակարանի հիփոթեքային վարկի եւ առողջության ապահովագրության համար: Այլ կերպ ասած՝ կառավարությունը որոշել է, որ քաղաքացիները միանգամից վատնում են ստացած գումարը, չեն կարող ճիշտ տնօրինել այն, ուստի պետք է իրենք թելադրեն, թե ինչ անել, ինչպես ապրել, ինչպես սեփական միջոցները տնօրինել:
Երեկ նույնիսկ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հարցին, թե ինչու են նման նախագիծ ներկայացրել, խոստովանեց. «Լավ ենք արել, որ երեխան փող ունենա: Եթե ծնողն առձեռն ունենա, կծախսի իր, այլ ոչ թե երեխայի վրա: Ու այսպես ստիպում ենք, որ ծնողը չծախսի երեխայի փողը: Թե չէ կարող ա գնա, շուբ առնի, բայց էդ երեխայի փողն ա, չէ՞»: Նշենք, որ «Պետական նպաստների մասին» օրենքի նախագծի շուրջ նախ թեժ քննարկումներ ծավալվեցին առավոտյան` մինչեւ արտահերթ նստաշրջանը սկսվելը, ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում: Իսկ արդեն ԱԺ նիստի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այս նախագծի մասին ասաց, որ վերապահումներ ունի, քանի որ ներկայիս կառավարությանը հատուկ է անել ամեն ինչ, որպեսզի որքան հնարավոր է` կտրի շատ գումար տալը: Մինասյանը նաեւ ասաց, որ կառավարության այս նախագիծը չի կարող լուծել համակարգային հիմնական խնդիրները:
Ուշագրավն այն է, որ Տ. Սարգսյանի կառավարութունն իր ներկայացրած ծրագրերում մշտապես ամրագրել է ծնելիության աճի խթանումը: Ե՛վ կառավարության 2012-2017թթ. ծրագրի, ե՛ւ 2013թ. ծրագրի մեջ նշված է, որ կառավարությունը նպատակադրվել է Հայաստանում գրանցել մինչեւ 1.8 տոկոս ծնելիության գումարային գործակցի աճ (թեեւ ՀՀ-ում ծնելիությունը գնալով հետեւողականորեն նվազում է): Այս ողջ ընթացքում իշխանությունները նաեւ թմբկահարում էին, թե բարձրացրել են երեխայի ծննդի դեպքում միանվագ նպաստի չափը, որպեսզի նաեւ այդպես խթանեն ծնելիությունը: Այնինչ, կառավարության խոսքն ու գործն այնքան էլ իրար չեն համապատասխանում. մի կողմից խոսելով ծնելիության բարձրացման մասին, մյուս կողմից կառավարությունը փորձում է հնարավորինս նվազեցնել քաղաքացիներին գոնե առձեռն տրվող գումարը: Ի դեպ, հիշեցնենք, որ ճիշտ նույն կերպ կառավարությունն իր կամքն է թելադրում նաեւ կենսաթոշակային ոլորտում` ստիպելով քաղաքացիներին երիտասարդ տարիներից կուտակել գումարը: Ասել է թե՝ իշխանություններն իրենք են որոշել տնօրինել ՀՀ քաղաքացիների ունեցվածքն ու եկամուտները:
Երեկ ԱԺ նիստում, երբ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարց տրվեց, թե օրենքի ներդրման արդյունքում ինչ է ակնկալում առաջիկա 5 տարիներին ծնելիության աճի մակարդակը բարձրացնելու առումով, նա հստակ պատասխան չտվեց. «Այսպես գնահատական` օրենքի նախագծի ազդեցության մասին, հստակ ցուցանիշներով եւ այլնով, չեմ կարող ձեզ տրամադրել»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս